Ճանապարհները՝ անբարեկարգ, աղբը՝ փողոցում
asparez.am-ը գրում է. Ինչպես է ծախսվում համայնքային բյուջեն, երբ ծրագրերն իրականացվում են հրատապ օգնության եւ դոտացիայի հաշվին
Նախօրեին կայացած Վանաձորի ավագանու նիստում քաղաքապետ Սամվել Դարբինյանի մտահոգությանը, թե բնակչության թվով պայմանավորված՝ կրճատվել է դոտացիայի գումարը եւ հարկատեսակների մի մասը նվազել են, մարզպետ Արթուր Նալբանդյանը հակադարձեց, թե դոտացիան Վանաձորին տրվելու է նույն չափով, ինչ նախկին տարիներին՝ 139 մլն դրամ. «Բացի այդ, ՀՀ կառավարության որոշմամբ, այս տարի դրան գումարվելու է 35 հազար դրամի փոխարինված 45 հազար աշխատավարձերի տարբերությունը: Նույնիսկ փոխհատուցվելու են էներգիայի եւ գազի վճարները՝ Վանաձոր քաղաքը լրացուցիչ ստանալու է 246 մլն դրամ»:
Մարզպետ Նալբանդյանն անդրադարձավ նաեւ ընդհանուր ծրագրերին. կարճ թվաբանություն ներկայացնելով՝ նա ասաց, թե 2011-13 թթ-ին մարզկենտրոնում պետական բյուջեով եւ այլ միջոցներով իրականացվել է 5 մլրդ 400 մլն դրամի աշխատանք. «Հիմա ուղղակի դուք համեմատեք. դա Վանաձոր քաղաքին օգնությու՞ն է, թե ոչ»: Մարզպետը քաղաքապետին եւ ավագանուն առաջարկեց, հրատապ ծրագրեր կազմելիս, քառամյա զարգացման ծրագրին համահունչ ներկայացնել. «Մինչեւ հրատապ ծրագրում ընդգրկելը՝ քառամյա ծրագրում տող հատկացրեք»:
Ավագանու անդամներն, օգվելով առիթից, որ կառավարության ներկայացուցիչն իրենց հետ նույն սեղանի շուրջ մասնակցում է քննարկմանը, հարցերով ճշտեցին այս կամ այն ծրագիրն իրականացնելու հավանականությունը: Քաղաքապետը, պատասխանելով որոշ հարցերի, նշեց. «Ճանապարհների հարցը քառամյա ծրագրի մեջ չի մտնում՝ 200 կմ ճանապարհների, միայն փոսային նորոգումների եւ նոր փողոցների ասֆալտապատման գումարները չծախսենք, պահպանենք համայնքային բյուջեում՝ այլ խնդիրների լուծման համար: Հաշվետվության մեջ նշեցի՝ 20 մանկապարտեզներից 11-ը լոկալ ջեռուցում ունի, 6-ը այլ տարբերակով են տաքացնում, 3-ը տնակային են դեռեւս: Մենք դեռ համայնքային մանկապարտեզների վերակառուցման խնդիր ունենք: Մշակույթի տների, գրադարանների վերակառուցման խնդիր ունենք: Զարգացման ծրագրի մեջ մենք համայնքային գույքի վերանորոգման ծրագրեր չենք ընդգրկում, այլ զարգացման ծրագրեր ենք իրագործելու»:
Մանրամասներն` այստեղ