«Չես կարող սիրել հայրենիքդ, բայց չսիրել ընկերոջդ»
Մարտի 3-ին լրացավ «Սիսական» գնդի ստեղծման 20-ամյակը, ինչը մեծ շուքով նշվեց Սիսիան քաղաքում: Մեր զրուցակիցն է գնդի հիմնադիրներից փոխգնդապետ Մկրտիչ Դիլանյանը, ում հետ խոսեցինք Արցախյան պայքարի, հերոսների, բանակի մասին:
– Ինչպե՞ս ստեղծվեց «Սիսական» գունդը: Ի՞նչ հետք թողեց այն Արցախյան ազատամարտի պատմության մեջ:
– Ստեղծման նախադրյալը, բնականաբար, Արցախյան շարժումն էր: 1988 թվականի փետրվարի 25-ին Սիսիանում Վուրգ Ոսկանյանի գլխավորությամբ առաջին ցույցն է լինում. մոտ 20-25 հոգով էինք: Հետո եկանք հրապարակ և որոշեցինք, որ պետք է բարձրացնենք պատերազմին մասնակցելու հարցը: Բացի այդ, Սիսիանում կային 11 ադրբեջանաբնակ գյուղեր, որտեղ ջրի ակունքներ կային, և վախենում էինք, որ մեզ կարող են թունավորել: Մենք սկսեցինք զենք հայթայթել:
Վուրգ Ոսկանյանի գլխավորությամբ ստեղծվեց առաջին ջոկատը, որի 5-6 անդամներից մեկն էլ ես էի: Դրանից հետո գյուղերում ստեղծվեցին առաջին փոքր ջոկատները: 1988-ի դեկտեմբերին պարետային ժամ սահմանվեց, ձերբակալվեցին «Ղարաբաղ կոմիտեի» անդամները, ԿԳԲ-ն սկսեց հետապնդել, և մեզ թվաց, թե ամեն ինչ ավարտվել է:
Բայց մեր ջոկատները շարունակեցին իրենց գործը, և անգամ 1989 թվականին Սիսիանում մենք կառուցեցինք Եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողը: Հետո որոշվեց, որ պետք է համագործակցենք Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ, որը մեզ ամեն ինչով աջակցեց: Շուտով ՀՀՇ-ի շտաբի հրամանատար է նշանակվում Հովհաննես Ազոյանը: Մեր առաջին վիրավորը Վալեր Գևորգյանը եղավ:
Հետո ստեղծվեցին գումարտակները, մտանք բրիգադի կազմի մեջ և մասնակցեցինք Կապանի, Քարվաճառի, Կուբաթլուի, Զանգելանի, Հորադիզի, Լաչինի մարտերին: Շատ լավ զգացինք մեզ, երբ նման շուքով նշվեց գնդի կազմավորման 20-ամյակը: Սա նաև տղերքին տեսնելու, հավաքվելու առիթ հանդիսացավ:
– Ի՞նչ կասեք բանակ-հասարակություն կապի մասին: Վերջին ժամանակներում դժգոհությունները բանակի վերաբերյալ շատացել են: Ո՞րն է անվստահության պատճառը:
– Մեր ժողովրդի աչքին բանակը դարձրել են սատանա: Որտե՞ղ մահ, զոհ չի լինում: Եթե քաղաքացիական կյանքում են լինում նման դեպքեր, ինչպե՞ս կարող է բանակում վրիպում չլինել: Հաճախ էլ, զինվորները չեն հայտնում, թե ինչ հիվանդությամբ են վարակված եղել, և հետևանքները տհաճ են լինում: Որտեղի՞ց իմանան, թե այս կամ այն զինվորը ժամանակին ջրծաղիկով վարակված է եղել, եթե նա չի ասում այդ մասին: Ստացվում է, որ դասակի կամ վաշտի հրամանատարը բոլորին առանձին պետք է հարցնի, թե ով` ինչ հիվանդություն է ունեցել: Սա զորքի նման չի լինի:
Բանակը մի քիչ ուրիշ հասկացություն է: Բայց անելիքներ, իհարկե, շատ կան: Առաջին գծում կանգնած զինվորը չպետք է հեռախոսով կայքեր մտնի, նկարներ գցի ինտերնետ: Ծնողներն էլ իրենց մեղքի բաժինն ունեն, քիչ է մնում իրենք իրենց երեխաներին ipad տան: Զինվորները պետք է պատասխանատվության զգացում ունենան, հասկանան, թե ո՞ւր և ինչո՞ւ են եկել: Մի անգամ, երբ հեռուստացույց էի դիտում, պատահաբար պարսկական ալիք միացրեցի և մի գովազդ տեսա, որտեղ մարդ ու կին զենքն են լիցքավորում: Իրենք ռազմական քարոզչություն են անում, իսկ մենք դեռ պատերազմի մեջ ենք, բայց գրեթե ոչ մի լուրջ ռազմական հաղորդում չունենք: Այսքան հերոսներ ունենք, նրանցից շատերն ապրող լեգենդներ են, կարելի է, չէ՞, նրանց մասին ամեն օր հաղորդում պատրաստել:
– Կարծիք կա, որ Արցախյան հերոսների մասին այսօր անհավասար է լուսաբանվում: Իհարկե, բոլորն են հերոս և բոլորն են արժանի մեծարանքի: Բայց հաճախ խոսում են նույն ազատամարտիկների մասին, ովքեր երիտասարդությանն արդեն հայտնի են, իսկ նրանցից շատերը, ովքեր ևս մեծ սխրանք են գործել, մնում են չլուսաբանված և մատնվում են մոռացության:
– Շատերն այսօր հաջողությունների են հասել և անգամ պատվերով գիրք գրել են տալիս իրենց մասին, ինչը ես չեմ ընդունում: Ես ինձ մոտ պահում եմ մի օրագիր, որի մեջ գրում եմ իրականությունը: Ինչպե՞ս այդ միտքը ծնվեց իմ մեջ: Ես կարդացել եմ բազմաթիվ պատմական գրքեր, բայց Սիսիանի հերոսների մասին շատ քիչ եմ հանդիպել: Հաճախ ենք լսել, թե այսինչ մարդը եղել է Անդրանիկի զինվորը, բայց հստակ ոչինչ չի գրվել: Դրա համար էլ որոշեցի օրագրումս գրառումներ անել, որ հետո մարդիկ կարդան և իմանան ճիշտը:
Շատ ազատամարտիկներ զոհվեցին, և նրանց հիշատակը վառ պահելու համար անընդհատ սկսեցին խոսել իրենց մասին, բայց մյուսները մնացին անտեսված, և ստացվեց` մեկին` միշտ, մյուսներին` ոչ մի անգամ: Մենք մի զինվոր ունեինք Արտաշատից` Մակարյան Մկրտիչը, ով Կապանի օպերացիայի ժամանակ շրջապատվում է թուրքերով և նռնակը քաշելով` պայթեցնում է իրեն և թուրքերին: Թուրքերը երբ բերում են նրա դիակը փոխանակելու, նրանցից մեկը պատիվ է տալիս. «ճանաչե՛ք ձեր հերոսին»:
Միայն Վազգեն Մանուկյանը Զինուժի առաջին թողարկման ժամանակ պատմեց Մկրտիչի սխրանքը: Դրանից հետո նրա մասին չխոսվեց: Համագյուղացիները գիտեին նրա սխրանքի մասին, բայց չգիտեին, թե ո՞վ է եղել այդ հերոսը, և ցույց էին տալիս նրա կողքի շիրմաքարը: Մենք իրենց, իհարկե, բացատրեցինք, որ այդ տղան Մկրտիչ Մակարյանն է: Ես մի բանաստեղծություն էլ ունեմ գրած Մկրտիչի հիշատակին:
– Ինձ միշտ հետաքրքրել է, թե ի՞նչ հոգեվիճակում է գտնվում պատերազմ մեկնող մարտիկը: Այդ ի՞նչ ուժ է նրան մղում մարտի դաշտ: Միայն հայրենասիրությունը բավակա՞ն է:
– Դավիթ Ամալյանը մի լավ խոսք ունի. «Ես չեմ հասկանում հայրենասեր, ծնողասեր, ընկերասեր բառերի իմաստը: Սիրել իմացող մարդը ամեն ինչ պետք է սիրի»: Չես կարող սիրել հայրենիքդ, բայց չսիրել ընկերոջդ: Հայրենասիրությունը պետք է սովորական բան դառնա: Դա այնպիսի բան է, ինչպես մայրասիրությունը: Չեն հարցնում, չէ՞` սիրո՞ւմ ես մորդ: Իսկ ինչ վերաբերում է պատերազմին մասնակցելուն, եղել են տարբեր կատեգորիաներ: Մեր տանից մասնակցել ենք ես և կրտսեր եղբայրս, իսկ մեծ եղբայրս Երևանից մեզ փամփուշտ էր ուղարկում:
Շարժումը համատարած բնույթ չի կրել սկզբում: Շատերը մասնակցում էին իրենց եղբայրների, ազգականների հետ միասին: Մարդիկ էլ կային, ովքեր լսել էին թուրքերի արածների մասին և սկսեցին իրենք էլ արթնանալ: Այս պայքարը նաև թասիբի, արժանապատվության խնդիր էր: Ես այնքան վատ կզգայի, եթե ադրբեջանցու ոչխարը մտներ և արածեր մեր հողում, ուտեր մեր խոտը, էլ ուր մնաց, թե` տանը հանգիստ նստեի և լսեի, թե թշնամին եկել և սպանում է մերոնց:
Շատերն էլ կային, որ ուզում էին մասնակցել, բայց վախենում էին: Բոլորս էինք վախենում մահից, միայն հիմարը կարող է չվախենալ: Ոչ ոք չի ցանկանա զրկվել կյանքից, այն էլ` երիտասարդ տարիքում, երբ կյանքը նոր-նոր է սկսում հասկանալ: Բայց արժանապատվությունն ու պատվախնդրությունը տարան մեզ ռազմի դաշտ: Մենք ոգևորվում էինք հաջողություններով և զոհերի մասին լսելով` ավելի լցվում վրեժխնդրությամբ:
– Ձեր ընտանիքից ազատամարտին մասնակցել եք Դուք և Ձեր եղբարը` Ժորա Դիլանյանը: Ինչպե՞ս արձագանքեցին այդ որոշմանը Ձեր ծնողները:
– Դե, մայրս կին էր և արտահայտվում էր, բայց հայրս լռությամբ էր տանում ամեն ինչ: Մայրս և հայրս պատերազմի հետևանքով մահացան: Մենք ապրեցինք, բայց իրենք մեր մահը չտեսան: Սա չարյաց փոքրագույնն էր: Ոչ երանի այն ծնողին, որ ապրեց, բայց իր զավակի մահը տեսավ: Հիշում եմ, երբ մի անգամ գյուղ վերադարձա, հայրս պառկած էր: Երբ ինձ տեսավ` ելավ տեղից, նստեցինք, նարդի խաղացինք:
Հետո մեզ ետ կանչեցին, պետք է գնայինք. Կապանին պաշտպանություն էր պետք: Հայրս նորից գնաց ու պառկեց: Ասում էր. «Ես բան չեմ ասում, գնացեք, տղերքս թող մատաղ լինեն ազգին, բայց ինչո՞ւ իմ տանից երկուսը գնան, իսկ հարևանների, գյուղացիների տանից ոչ ոք չգնա»: Հորս մեջ նախանձախնդրությունն էր խոսում, բայց մայրս արդեն հաշտվել էր այդ մտքին: Ես չեմ տեսել, որ մայրս նվնվա, լաց լինի, մյուս մայրերի պես ճանապարհի: 1992 թվականի մայիսին, երբ պետք է Լաչին մտնեինք, բայց քաղաքական որոշ պատճառներով դադարեցվեց գործողությունը, մենք ետ վերադարձանք տուն:
Մայրս ուրախ-ուրախ դիմավորելով` հարցրեց. «Վերցրի՞ք Լաչինը»: Երբ լսեց մեր պատասխանը, ասաց. «Դե ռադներդ քաշե՛ք: Երբ հետ կբերեք Լաչինը, այդ ժամանակ նոր տուն կմտնեք»: Եվ մենք դուրս եկանք ու մեկնեցինք Լաչին: Մայրս էլ, եթե կարողանար, մեզ հետ հավասար կկռվեր: Ցավոք, և՛ մայրս, և՛ հայրս սրտի կաթված ստացան:
– Ճիշտ է, պատերազմի ընթացքում բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել: Բայց կհիշե՞ք դրանցից ամենահիշարժանը:
– 1994 թիվն էր, Հորադիզում էինք: Մեր ընկերներից Կիրակոսյան Գագիկի (Ծերուկ) բանակային ընկերոջ երեխան պատահաբար ընկնում է մեզ մոտ: Մենք էլ ասացինք, որ իր ընկերոջ տղան է և թող իր հսկողության տակ լինի: Ֆիզուլիում նստած ենք, մեկ էլ եկավ ու սկսեց հայհոյել, բարձր բղավել: Հարցրինք` ի՞նչ է եղել, Ծերուկ: Ասաց. «թե բա չգիտե՞ք, վառարանը վառեցի և այդ լակոտին ասացի, որ արթուն մնա և հսկի:
Մեկ էլ մրսածությունից արթնանում եմ և տեսնում, որ վառարանը հանգչել է: Նորից վառեցի, դրան քնից հանեցի ու պատվիրեցի, որ հանկարծ չքնի, և ես նորից պառկեցի: Հետո էլի արթնացա և տեսա, որ կրակը գրեթե հանգչել է: Նորից փայտ գցեցի, իրեն ասացի, որ հետևի, և ես քնեցի: Առավոտյան արթնացա և զգացի, որ ողջ գիշեր մրսել եմ: Մտածեցի` էս լակոտն էլի չի վառել կրակը: Մեկ էլ ի՞նչ տեսնեմ: Վառարանի մեջ լամպ է դրել և քնել»:
– Ինչպե՞ս էիք կարողանում ռազմի դաշտում երգել, կատակներ անել, ծիծաղել:
– Տղերքին թաղելուց էլ էինք երգում: Բայց հումորը միշտ է եղել: Երևի հենց հումորն է մեզ պահել, որ չխելագարվենք: Պատերազմն արդեն մեր կյանքն էր դարձել: Երբ հետ էինք վերադառնում, մեզ համար այնքա՜ն անսովոր էր, որ անընդհատ ուզում էինք ետ գնալ: Չէր գրավում քաղաքացիական խաղաղ կյանքը: Տղերքով մեկ-մեկ երբ հավաքվում ենք, երանի ենք տալիս այդ օրերին: Այնքան մաքրություն կար այդ ամենի մեջ, որ կեղտն էլ չէր երևում մեր աչքին: Հիմա էլ, երբ մարդու կողքով անցնում եմ, վառոդի հոտ եմ առնում և անմիջապես կռահում` անցե՞լ է պատերազմի միջով, թե՞ ոչ: