Մհեր Շահգելդյան. «Ռազմական գործողություններ կամ Երրորդ համաշխարհային պատերազմ չի կարող լինել» (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Օրինաց երկիր կուսակցության քաղխորհրդի անդամ, Աժ պատգամավոր Մհեր Շահգելդյանը խոսեց ժամանակակից աշխարհաքաղաքական կոնֆլիկտների և Հայաստանի վրա դրանց ունեցած ազդեցության մասին: «Կոնֆլիկտները տարբեր բնույթ են կրում և դրանք տարբեր շարժիչներ ունեն: Իրաքի խնդիրը ծագեց Իրաքի` Քուվեյթի վրա հարձակումով և անեքսիայով, որից հետո ձևավորվեց համաշխարհային կոալիցիա: «Արաբական գարունը» այլ խնդիրներ, հիմնահարցեր էր պարունակում, որը համընկավ համաշխարհային տնտեսական ճգնաժամի և սոցիալական բարդությունների հետ: Ուկրաինայում ներքին և արտաքին աշխարհաքաղաքականության խնդիրներ են, կապված ներքին հիմնահարցերի հետ: Իմ կարծիքով այս բոլորը տարբեր բնույթի են, իսկ կոնֆլիկտներ մշտապես եղել են»:

Նա նշեց, որ վերոնշյալ կոնֆլիկտների մեջ ընդհանուր գիծ չի կարելի գտնել. «Մեկ ընդհանուր գիծ կա, որ դրանց մեծ մասը տեղի են ունենում Մերձավոր արևելքում»:

Շահգելդյանը նշեց, որ աշխարհի միաբևեռության և երկբևեռության հիմնահարցը արդեն վաղուց է դրվել. «Հասկանալի է, որ այսօր աշխարհում ամենահզորը Ամերիկայի Միացյալ Նահանգներն են` իրենց պոտենցիալով, սակայն, միաժամանակ, իսկապես, տեղի են ունենում փոփոխություններ Խորհրդային Միության փլուզումից հետո` Եվրոպական միավորման գործընթացն ավելի արագացավ և Եվրոպական Միությունը որպես արդեն համաշխարհային խաղացող իր դերն է ունենում, Չինաստանի զարգացումը մեծ չափով արագացավ, Հնդկաստանի տնտեսական զարգացման մեջ արագություն նույնպես բավականաչափ մեծ տեմպերով եղավ,  Ռուսաստանը վերականգնում է մեծ պետության իր դիրքերը և ներքին ինքնակազմակերպում  է իրականացնում: Այնպես որ, այստեղ բավականաչափ հետաքրքիր գործընթացներ կան և այս տեսանկյունից, աշխարհի տարբեր բևեռների առկայությունը, դրանց մրցակցությունը և համագործակցությունը աշխարհի նորմալ երևույթներից է»:

Ըստ Մ. Շահգելդյանի` ժամանակակից քաղաքական կոնֆլիկտների տեսանկյունից մի հետաքրքիր փաստ կա՝ աշխարհում սահմանների  փոփոխությունը. «Եթե մենք ուշադրություն դարձնենք, ապա սահմանային բավականաչափ փոփոխություններ են տեղի ունեցել, և, ավելին, մոտավորապես 70-ական թվականների կոնֆլիկտոլոգիայի մեջ արդեն կային այս բնույթի և այս տիպի դրույթներ: Այսինքն կան խնդիրներ, երևույթներ, որոնք օբյեկտիվ բնույթ են կրում, որոնք կապված են այլ ազգերի ինքնորոշման հետ»:

Պատգամավորի խոսքով` արևմտյան երկրները հայտարարում են սանկցիաների կիրառման մասին, սակայն դեռևս պետք է հասկանանք, թե ինչի մասին է խոսքը գնում. «Մոտեցումների վերաբերյալ կան տարբեր կարծիքներ, բայց ռազմական գործողություններ կամ Երրորդ համաշխարհային պատերազմ, ես կարծում եմ, չեն կարող լինել»:

Անի Քեշիշյան

Տեսանյութեր

Լրահոս