Կեցցե՛ գեներալ Մանվելը
«Եթե Ռուսաստանը կամ այլ պետություն ցանկություն ունեն, թող գան ընդգրկվեն Հայաստանի, Արցախի կազմի մեջ, մենք այլ պետությունների կազմում ընդգրկվելու խնդիր չունենք: Մեզ համար անկախությունն անուրանալի արժեք է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին մամուլում և քաղաքական շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղը ՌԴ կազմում ընդգրկելու վերաբերյալ քննարկումներին՝ հայտարարել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
Նա ասել է, որ պատերազմում ընկերներ ու հարազատներ է կորցրել, և, որ իրեն չի կարող անգամ թույլ տալ այլ բանի մասին մտածել: «Պատերազմում հարազատներ, եղբայրներ և ընկերներ եմ կորցրել, կողմնակից եմ, որ Արցախն անկախ լինի՝ անկախ պետություն կամ ՀՀ կազմում:
Ըստ էության, նույն բանն է, ես համարում եմ, որ Հայաստանն ու Արցախը մի ամբողջություն են. Հայաստանը դա անունն է, Արցախը՝ ազգանունը, կամ էլ՝ հակառակը: Եվ չեմ կարող կողմնակից լինել, որ այլ որևէ պետության կազմում ընդգրկվի Արցախը կամ Հայաստանը»:
Գեներալ Մանվելն իսկապես արժանի է բացառիկ հարգանքի ու խոնարհումի: Այսօրվա այն մթնոլորտում, երբ անկախությամբ քաղաքական գործիչ դարձած նախկին կոմսոմոլները Ռուսաստանի անունը լսելիս հալյուցինացիաների մեջ են ընկնում, իսկ Արցախի ազատագրմանը մասնակցած այլ գեներալներ, ինչպես, օրինակ, Նորատ Տեր-Գրիգորյանցը, հայտարարում են, թե՝ «Ղարաբաղը ևս պետք է միանա Ռուսաստանին, քանի որ ռուսական տարածք է», Մանվել Գրիգորյանը ոչ թե սովորական հայրենասերին, այլ պետական գործչին վայել դիրքորոշում է արտահայտում:
Այս հայտարարությունից հետո Մանվել Գրիգորյանի հասցեին ցանկացած դեմ խոսք կարելի է համարել նաև Հայաստանի ու Ղարաբաղի անկախության դեմ ուղղված քննադատություն: Եթե անգամ գեներալն իրեն բնորոշ՝ ոչ այնքան բարեհունչ, երբեմն նաև՝ մեր կողմից քննադատության արժանացած ռեպլիկներ անի: Կեցցե՛ Մանվել Գրիգորյանը: