Բաժիններ՝

«Բրեյն-ռինգ»-ի ՀՀ վարչապետի գավաթի հաղթող է դարձել Առողջապահության նախարարության թիմը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղին:

Մրցաշարի հաղթող է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարության թիմը, որը եզրափակիչում առավելության է հասել ՀՀ արտաքին գործերի նախարարության թիմի նկատմամբ:
Մրցաշարի երրորդ տեղն է զբաղեցրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության թիմը:
«ՀՀ վարչապետի գավաթ»-ին արժանացած առողջապահության նախարարության թիմի անդամներին հաղթական գավաթը հանձնել է անձամբ վարչապետ Սարգսյանը:
Շնորհավորելով մրցանակակիրներին` վարչապետը կարևորել է նման մրցաշարերի անցկացումը: «Նման մրցաշարերը հասարակության մեջ ձևավորում են այնպիսի միտումներ, որոնք ծառայելու են ինտելեկտուալ կարողությունների ձևավորմանն ու տարածմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Միաժամանակ, կառավարության ղեկավարը մյուս պետական կառույցների, զանգվածային լրատվական միջոցների թիմերին ևս հրավիրել է մասնակցել այս մրցաշարին:
Այս տարի մրցաշարին մասնակցել են պետական 22 գերատեսչությունների թիմեր՝ շուրջ 150 մասնակիցներով:
«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա» և «Քաղծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների կողմից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:
Մրցաշարի նպատակն է խրախուսել ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ խաղերին և հնարավորինս նպաստել ինտելեկտուալ խաղերի տարածմանը Հայաստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս