
Ալեքսանդր Արզումանյան. Մենք լսում ենք միայն Կիսելյովի նման հոգեկան հիվանդի ամենօրյա հաղորդումները

Նախկին արտգորխնախարար, Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության հանրապետական խորհրդի նախագահ Ալեքսանդր Արզումանյանը այսօրվա ասուլիսում` Ուկրաինայի ճգնաժամի և Ղրիմի հանրաքվեի համատեքստում, իր կարծիք հայտնեց նաև ուկրաինական իրադարձությունների շուրջ արևմտյան և ռուսական լրատվամիջոցների միջև տեղեկատվական պատերազմին:
«Ցավոք սրտի, այդ «պատերազմը» ծավալվում է Հայաստանից դուրս, որովհետև հայ հասարակությունը կարողանում է դիտել միայն ռուսական հեռուստաալիքների հակամարդկային քարոզչությունը և չի պատկերացնում խնդրի այն կողմը: Այսինքն` ցանկացած իրադարձություն ունի երկու կողմ, և բանական մարդը պետք է լսի երկու կողմերին և իր եզրակացությունն անի: Այս պարագայում մենք լսում ենք միայն Կիսելյովի նման, չվախենամ ասել, հոգեկան հիվանդի ամենօրյա հաղորդումները, և պատկերացնում ենք, որ Ուկրաինայում ուղղակի… Նախ` այդ բանդերականների մասին. ասեմ, որ Ստեփան Բանդերան Ուկրաինայի ժողովրդի պատմության մեջ և Ուկրաինայի ժողովրդի համար նույն դերակատարությունն ունի, ինչպես Գարեգին Նժդեհը` հայ ժողովրդի համար: Նա ուղղակի եղել է հայրենասեր, ով ողջ կյանքում պայքարել է Ուկրաինայի անկախության համար և կյանքի զգալի մասն անցկացրել է բանտերում` գերմանական, լեհական, ուկրաինական, սովետական: Այդ մարդն այդքան էլ ժամանակ չէր ունենա անելու այն ողջ հանցագործությունների շարքը, որն այսօր իրեն վերագրվում է: Թողնենք, որ այդ ժողովուրդն ինքը որոշի իր ճակատագիրը»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը: