
ՌԴ ՍԴ-ը միաձայն օրինական է ճանաչել Ղրիմը Ռուսաստանի կազմում մտցնելու մասին պայմանագիրը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) Ռուսաստանի կազմում Ղրիմի մտնելու մասին միջազգային պայմանագիրը միաձայն ճանաչել է որպես Ռուսաստանի Սահմանադրությանը համապատասխանող:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՍԴ-ի նախագահ Վալերի Զորկինը: Տվյալ հարցը դիտարկելու համար ՍԴ-ը նախագահի համապատասխան դիմումը ստացել է երեկ երեկոյան: Ռուսաստանի նախագահի խնդրանքով հարցը դիտարկվել է առանց հանրային լսումների անցկացման՝ հաշվի առնելով Ղրիմի ու Սևաստոպոլի շուրջ ստեղծված իրավիճակը:
Զորկինի խոսքերով՝ ՍԴ-ն ընդունել է, որ տվյալ պայմանագիրը համապատասխանում է Ռուսաստանի Սահմանադրությանը: Զորկինն ընդգծել է, որ այդ որոշումն ընդունվել է միաձայն: Այժմ միջազգային պայմանագիրը պետք է ներկայացվի Պետդումայի վավերացմանը: