Ոճական տարբերություններ. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է.
Ուկրաինական իրադարձությունների ազդեցության ներքո քաղաքական գործիչները և մեկնաբանները թե Հայաստանում և թե ամբողջ աշխարհում բաժանվել են հիմնականում երկու ճամբարի։ Ճամբարները քարոզում են ՝ Ռուսաստանի գործողություններին կամ կողմ կամ դեմ։ Բայց ակնհայտ է, որ նրանց հռետորաբանության մեջ կան ոճական տարբերություններ. առաջիններն էապես ավելի ագրեսիվ են, չեն ցանկանում տեսնել որևէ երանգ, չեն փնտրում դիմացինի փաստարկներում որևէ տրամաբանություն կամ ռացիոնալ հատիկ։
Մի քանի օր առաջ պատահաբար լսեցի Միխաիլ Լեոնտևի «Օդնակո» հաղորդումոը։ Բավականին կարճ մենախոսության ընթացքում նա առնվազն հինգ անգամ կրկնեց «ֆաշիստական սրիկաներ» արտահայտությունը՝ Ուկրաինայի համապատասխան շրջանակների հասցեին։ Կամ հանրահայտ Կիսելյովը թափանցիկ ակնարկներ է անում, որ իր երկիրն ընդունակ է Միացյալ Նահանգները ռադիոակտիվ մոխրի վերածել։ Ինչը, իհարկե, ճիշտ է, ինչպես ճիշտ է նաև այն, որ ԱՄՆ-ը կարող է նույն փոշու վերածել Ռուսաստանը, իսկ հիշյալ երկու երկրները միասին ի վիճակի են իրենց զենքերով հեշտությամբ վերացնել մոլորակի բոլոր շնչավոր էակներին։
Սակայն ադեկվատ մարդիկ այդ միջուկային խաղալիքներով չեն թափահարում։ Նույնիսկ 70-ականներին զառամյալ խորհրդային Պոլիտբյուրոյի անդամները դա հասկանում էին, և խիստ կասկածում եմ, որ Պոլիտբյուրոյի խոսափողը հանդիսացող, ասենք, Յուրի Ժուկովը կամ Վալենտին Զորինը «սառը պատերազմի» ժամանակ ԱՄՆ-ի հասցեին նման սպառանալիքներ հնչեցնեին։ Բրեժնևը և Սուսլովը ավելի՞ զուսպ էին, քան Պուտինն ու Սուրկովը։
Եվ այսպես՝ մի կողմում «մենք» ենք՝ արդարության, ազնվության և բարու տիպարներս, մյուս կողմում՝ «նրանք» ոչնչացման արժանի համաշխարհային չարիքի մարմնավորումը։ Այդպես են մտածում և քարոզում թե Ռուսաստանում, թե Արևմուտքում։ Բայց կա, ինչպես ասացի, ինտոնացիայի, երանգի տարբերություն. Արևմուտքում կարող են հնչել նաև այլընտրանքային տեսակետ։ Վերջերս Վլադիմիր Պոզներն էլ է պատմել դրա մասին։

Մանրամասները «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս