ՀՀԿ-ն ամբողջությամբ չի պաշտպանի Տիգրան Սարգսյանին. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. Չորս ոչ իշխանական ուժերը վաղը հերթական հանդիպումը կանցկացնեն, որտեղ կշարունակեն մշակել խաղաղ իշխանափոխության ճանապարհային քարտեզը, որի մասին մարտի 1-ի հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Գաղտնիք չէ, որ չնայած քառյակի որոշ ուժեր, մասնավորապես ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», հակված են ամբողջական իշխանափոխության, սակայն, տեղի տալով մյուսների և հատկապես ԲՀԿ-ի մոտեցումներին, կարծես թե համաձայնության են եկել, որ փուլային, հանգրվանային լուծումներով առաջ շարժվեն ու նախևառաջ կառավարության անվստահության հարցը բարձրացնեն: Վաղվա նիստում քննարկվելու է, թե ինչ են անելու ուժերը կառավարության հրաժարականից հետո:
Կհամաձայնե՞ն ՀԱԿ-ի և «Ժառանգության» դաշնակիցները կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը բարձրացնել, ինչպիսի պահանջ իրենց օրակարգում մշտապես ունեցել են, երեկ հարցրինք Արամ Մանուկյանին: «Դա չի խանգարում հետագա համագործակցությանը»,- տեղեկացրեց Արամ Մանուկյանը՝ անկեղծորեն խոստովանելով, որ այժմ «անհնարինի» մասին քննարկում չեն անում:
«Հիմա, այս պահին խոսում ենք այս պահի անելիքների մասին, դրանից հետո, անգամ այս փուլում, եթե ես ունեմ առանձին կարծիք, դա մյուսին (նկատի ունի կառավարության հրաժարականի հարցի բարձրացումը) չի խանգարում, քանի որ ՀԱԿ-ի մոտեցումով դա քայլ է հաջորդ քայլին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու համար»:
ՀԱԿ-ում մտահոգություն չկա՞, որ ԲՀԿ-ն կես ճանապարհից կլքի իրենց, երբ հերթը հասնի նախագահի հրաժարականին։ «Դուք բացասական սցենար եք զարգացնում, բայց ես կարծում եմ, որ այս քայլը նպաստող է հաջորդ քայլին հասնելու համար»,- նախանձելի լավատեսություն դրսևորեց ընդդիմադիր ֆրակցիայի պատգամավորը:
Իսկ թե ինչ հիմնավորումներով են խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերը պահանջելու կառավարության հրաժարականը, երեկ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն արձագանքեց, թե դա ամենահեշտ հարցն է. «Հազար ու մի նյութ ու հիմք կա հրաժարականը պահանջելու համար, ծով են նյութերը»: Կթվարկե՞ք երեքը։ «Մենակ օֆշորը հերիք չի՞, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջվի… Մենաշնորհային տնտեսություն, կոռուպցիայի բարձր մակարդակ, գաղտնի կայացած գործարքներ, պետական սեփականության օտարում՝ նկատի ունեմ գազը, Ձորագեսը, Որոտանի ՀԷԿ-ը, արտաքին հարաբերությունների ձախողում՝ բազմաբնույթ և բազմաքանակ»: Ընդդիմության ամենահզոր հիմնավորումների դեպքում անգամ լուրջ խոչընդոտ կա՝ խորհրդարանական մեծամասնությունը Տիգրան Սարգսյանի թիմակիցներն են, ի՞նչ ակնկալիքով են հարցը պատրաստվում բարձրացնել խորհրդարանում։ «Թող լինեն, թող իրենք որոշեն ինչպես են քվեարկելու, բայց մի կարծեք, թե ՀՀԿ-ն ամբողջությամբ պաշտպանելու է Տիգրան Սարգսյանին, ես չեմ կարծում»:
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։