Ուկրաինայի Գերագույն Ռադայի դիտարկմանն է ներկայացվել ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու մասին օրինագիծ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ուկրաինայի Գերագույն ռադայի օրակարգում գրանցվել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու, ռուս-ուկրաինական պայմանագրերը չեղյալ հայտարարելու և ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու մասին օրինագիծը:
Դրանում Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարին կոչ է արվում հայտարարել զինված ուժերի մարտական լիովին պատրաստության, Ուկրաինայի զինապարտ բնակչության համընդհանուր զորահավաքի անցկացման և ժողովրդական աշխարհազորի ջոկատների ստեղծման մասին:
Բացի այդ, կոչ է արվում դիմել ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ խնդրելով հատկացնել առավելագույն նյութա-տեխնիկական օգնություն՝ ժամանակակից ռազմական տեխնիկայի ու սպառազինության տեսքով: Պահանջվում է խզել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները և սահմանել վիզային ռեժիմ:
Առաջարկվում է չեղյալ հայտարարել Սևծովյան նավատորմի մնալու կարգավիճակի ու պայմանների մասին համաձայնագիրը, Բարեկամության, համագործակցության ու գործընկերության մասին պայմանագիրը, Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման գինը հազար խորանարդ մետրի համար սահմանել 500 դոլար և մերժման դեպքում անհապաղ կասեցնել ռուսական գազի մատակարարումը երկրի տարածքով:
Ուժային կառույցներին առաջարկվում է կոշտ միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի արևելքում անջատողական ամեն տիպի գործողություններին վերջ դնելու համար, իսկ Արդարադադատության նախարարությանն ու Գլխավոր դատախազությանն առաջարկվում է արգելել Կոմունիստական կուսակցության ու Ռեգիոնների կուսակցության գործունեությունն Ուկրաինայում:
Առաջարկվում է կասեցնել նաև ռուսական հեռուստա և ռադիոալիքների հեռարձակումը և այն տպագիր մամուլի տարածումը, որոնց օգտագործում են որպես գործիք՝ Ուկրաինայի դեմ քարոզչական պատերազմ մղելու համար: