
ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համար ներկայացրել է 6 պահանջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան իր արտասահմանյան գործընկերների հետ պատրաստ է անհապաղ ձեռնամուխ լինել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը նպաստող բազմակողմ մեխանիզմի ձևավորմանը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ը: Վերջինս մի շարք առաջարկներ է ներկայացրել՝ կապված ուկրաինական ճգնաժամի կարգավորման հետ.
1) ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ ձևավորել կոմպակտ խումբ՝ աջակցելու համար Ուկրաինային այն կազմով, որն ընդունելի կլինի ուկրաինական քաղաքական բոլոր ուժերի հետ:
2) ՄԱԿ ԱԽ-ի բանաձևով ամրապնդել Ուկրաինայի ռազմա-քաղաքական չեզոք կարգավիճակը:
3) Ճանաչել իր ապագան հստակեցնելու Ղրիմի իրավունքը՝ նրա բնակչության ազատ կամարտահայտման արդյունքներին համապատասխան:
4) Ուկրաինայի Գերագույն ռադան անհապաղ պետք է բոլոր շրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ գումարի սահմանադրական ժողով՝ դաշնային նոր սահմանադրության նախապատրաստման համար:
5) Համաժողովրդական հանրաքվեի նախագիծը ներառել Ուկրաինայի նոր Սահմանադրությունում, իսկ դրա հավանության արժանանալուց հետո անցկացնել համազգային ընտրություններ:
6) Ուկրաինայում ռուսերենին շնորհել երկրորդ պետական լեզվի կարգավիճակ: