
Տուրչինովը ստորագրել է մասնակի զորահավաքի մասին հրամանը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի, երկրի նախագահի պաշտոնակատար, գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Տուրչինովը ստորագրել է մասնակի զորահավաքի մասին հրամանը: Տուրչինովն այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի նիստի բացման ժամանակ:
Տուրչինովը դա շաղկապել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ուղիղ ներխուժման վտանգի և Ղրիմում իրականացրած ագրեսիայի հետ: Տուրչինովն անհեթեթություն է որակել Ղրիմի հանրաքվեն՝ ընդգծելով, որ այն երբեք չի ճանաչվի աշխարհի կողմից: Տուրչինովը հայտնել է, որ մասնակի զորահավաքի մասին իր հրամանն ուժի մեջ է մտնելու միայն խորհրդարանի կողմից հավանության արժանանալուց հետո: