
Թուրքական հետախուզության ղեկավարն ԱՄՆ-ում հանդիպել է Գյուլենի հետ. Hürriyet

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանն օրեր առաջ Փենսիլվանիայում (ԱՄՆ) հանդիպել է Ֆեթհուլլահ Գյուլենի հետ, ինչը տեղի է ունեցել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ու «Ջեմաաթի» (գյուլենական շարժման) միջև դիմակայության ֆոնին:
Ընդգծվում է, որ Հաքան Ֆիդանը Գյուլենի հետ հանդիպել է անձամբ վարչապետ Ռեջեփ Էրդողանի հրահանգով: Նշվում է, որ նրանց միջև դիմակայությունը սկիզբ է առել այն բանից հետո, ինչ Հաքան Ֆիդանը 2012 թվականի փետրվարին Օսլոյում գաղտնի բանակցություններ է վարել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամների հետ, ինչը նույնպես տեղի է ունեցել Էրդողանի հրահանգով:
Գյուլենի հետ հանդիպման ժամանակ Ֆիդանը ներկայացրել է պետության դիրքորոշումն ու մտահոգությունները, իսկ Գյուլենը հայտարարել է, որ իրենց նկատմամբ ներկայացված մեղադրանքներն անհիմն են: Գյուլենի հետ հանդիպել է նաև Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը: