
Թուրքիան ՌԴ-ին կոչ է անում հարգանք ցուցաբերել հարևան երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանին կոչ է անում հարգանք ցուցաբերել հարևան երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ: Դավութօղլուի խոսքերով՝ Ռուսաստանը միանձնյա քաղաքականություն է վարում տարածաշրջանում:
Անդրադառնալով Ղրիմում երեկ անցկացված հանրաքվեի արդյունքներին՝ Դավութօղլուն հայտարարել է, որ անթույլատրելի է իրադարձությունների նման զարգացումը տարածաշրջանում: Դավութօղլուն ընդգծել է, որ Ղրիմը լուրջ քննություն է միջազգային հանրության համար:
Դավութօղլուն ցավով նկատել է, որ միջազգային հանրությունը չի կարողացել հաջողությամբ հանձնել Սիրիայի հարցով քննությունը: Նա հայտարարել է, որ թե՛ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու, թե՛ ՆԱՏՕ-ի անդամ և թե՛ Ռուսաստանի հետ վերին աստիճանի զարգացած հարաբերություններ ունեցող հարևան Թուրքիան Ղրիմի հարցում ունի հատուկ դիրքորոշում:
Թուրքիայի արտգործնախարարը կարևորել է նաև Ղրիմի թաթարների անվտանգությունը և բարեկեցությունը՝ ընդգծելով, որ դա Թուրքիայի ռազմավարական առաջնահերթությունների թվում է, և որ իրենք դեմ են հանդես գալիս նրանց ամեն տիպի վնաս պատճառելու ունակ դեպքերին: