
Պուտինը կարող է ԱՄՆ-ից դուրս բերած լինել ավելի քան 100 միլիարդ դոլար. Financial Times

Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ` Ռուսաստանը կարող է ամերիկյան Դաշնային պահուստային հիմնադրամի հաշվեհամարներից (ԴՊՀ) դուրս բերած լինել 104 միլիարդ դոլարի արժեթղթեր:
Ռուսաստանն այդ քայլին կարող է գնացած լինել ուկրաինական հակամարտության պատճառով, քանի որ շատացել են նրա դեմ միջազգային պատժամիջոցներ սահմանելու խոսակցությունները:
Այդպես է կարծում Wrightson ICAP-ի տնտեսագետ Լու Կրանդալը, ով չի բացառում, որ Ռուսաստանն այդ գումարը նյու-յորքյան ԴՊՀ-ից տեղափոխած լինի օֆշորային գոտի: Նշվում է, որ անցյալում նման նախադեպեր եղել են:
1957 թվականին` Խորհրդային Միության կողմից սեփական զորքերը Հունգարիա մտցնելուց հետո, Ռուսաստանում հիմնադրված Ժողովրդական բանկն իր դոլարային պաշարները ԱՄՆ-ից տեղափոխել էր Լոնդոն: Դա հանգեցրել էր եվրադոլարների շուկայի առաջացմանը: Խոսքը գնում է ԱՄՆ-ի սահմաններից դուրս պահվող դոլարների մասին:
2013 թվականի դեկտեմբերի դրությամբ, Ռուսաստանում ԱՄՆ-ի գանձապետական պարտատոմսերը կազմում էին 138.6 միլիարդ դոլար: Bloomberg գործակալության տվյալներով` ամերիկյան treasuries-ի շուկայում, որի ընդհանուր ծավալը կազմում է 12.3 տրիլիոն դոլար, Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 1 տոկոս:
2013 թվականի դեկտեմբերի դրությամբ, ԱՄՆ-ի արտասահմանյան խոշորագույն վարկատուն Չինաստանն է` 1.27 տրիլիոն դոլար, ապա գալիս է Ճապոնիան` 1.18 տրիլիոն դոլար: