Վ. Այվազյան. Ոչ իշխանական ուժերը մի խումբ չեն դառնա, բայց եթե դառնան՝ իշխանությունների համար լուրջ մարտահրավեր կլինի
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի համար իրատեսական են ընդդիմության միավորման բոլոր տարբերակները: 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ոչ իշխանական չորս ուժերի հանդիպումներին՝ Վարդան Այվազյանը ենթադրեց, որ ոչ իշխանական չորս ուժերը միմյանց հետ հանդիպում են՝ հավանաբար ցանկանալով 2017-2018թթ. խորհրդարանական և նախագահական ընտրություններին միավորվել: Վ. Այվազյանը խոստովանեց, որ միավորման դեպքում ընդդիմությունը սպառնալիք կդառնա իշխանությունների համար:
«Ամեն ինչ հնարավոր է, ու շատ ողջունելի կլինի… բայց, ցավոք, Հայաստանում քաղաքական թատերաբեմն այնպիսին է, որ կուսակցությունների թիվը շատ է, և կամաց-կամաց ձևավորվում է այն սկզբունքը, որ ընտրությունների ժամանակ ավելի ու ավելի քիչ թվով կուսակցություններ են մասնակցում, մատների վրա կարող ենք հաշվել դրանց թիվը, որոնք հավակնում են հաղթահարել 5 տոկոսանոց շեմը: Դե հիմա, եթե այդպես է գնում, ես ի՞նչ ասեմ, ինչքան ուժեղ ընդդիմությունը՝ այնքան ուժեղ իշխանությունը. սա ապացուցված աքսիոմա է»,- ասաց Վարդան Այվազյանը:
Ամեն դեպքում Վ. Այվազյանը համոզված է, որ ոչ իշխանական ուժերը միասնական ցուցակ չեն կազմի, միմյանց հետ ընտրություններին չեն մասնակցի, թե ինչու՝ դժվարացավ պատասխանել: «Չի լինի, կտեսնեք… Ես, օրինակ, համոզված եմ, որ ընդդիմությունը մեկ միասնական ցուցակով չի գնա: Համոզված եմ: Իրենք մի խումբ չեն դառնա, բայց եթե դառնան՝ իշխանությունների համար լուրջ մարտահրավեր կլինի: Օրինակ` միավորվելու դեպքում համամասնությունները ո՞նց են ընտրելու, ասենք՝ միացան, բա համամասնությունը ո՞նց են ընտրելու՝ երկու բարգավա՞ճ, մի դաշնա՞կ, մի ՀԱ՞Կ, կամ ո՞վ է գլխավորելու ցուցակը…»,- նշեց նա: