Բաժիններ՝

«Դ!ԵՄ ԵՄ»-ի ստորագրահավաքը շարունակվում է

«Դ!ԵՄ ԵՄ» շարժման նախաձեռնած ստորագրահավաքն՝ ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների և ի պաշտպանություն Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումի ու հանրային քննարկումների շարունակվոմ է: 168.am-ի հետ զրույցում շարժման ակտիվիստ Հայկ Գրիգորյանը հայտնեց, որ դեռ պարզ չէ, ինչքան ստորագրություններ են հավաքվել, քանի որ  դեռ տեղերում են հավաքում, հիմնարկներում և չեն ամբողջացրել:

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների Նախաձեռնության անունից ներկայացվելու է լրամշակված դիմում Սահմանադրական դատարան՝ ի պաշտպանություն մարտի 28-ին քննվող գործի: Այս ստորագրահավաքի անհրաժեշտությունը և նպատակն այն է, որ վերահաստատենք մեր պահանջն առ այն, որ վերացվի պարտադիր բաղադրիչը՝ ներկայացնելով նոր հիմնավորումներ՝ թե´ հակասահմանադրականության, թե´ միջազգային փորձի և թե´ սոցիալ-տնտեսական տեսանկյունից, և բացառել պարտադիր բաղադրիչը հարկատեսակի վերածելու փորձերը, նաև Սահմանադրական դատարանին ցույց տալ, որ պարտադիր վճարը հարկատեսակ դարձնելը ևս հակասում է Սահմանադրությանը, իսկ ՍԴ-ում ներկայումս գտնվող ԱԺ պատգամավորների դիմումը չի անդրադառնում հարցի համալիր վերլուծությանը՝ հատկապես միջազգային իրավական ու սոցիալ-տնտեսական տեսանկյունից: Բացի այդ, ԱԺ որոշ պատգամավորներ արտահայտել են կարծիք, որ պարտադիր վճարը հարկատեսակ դարձնելը կարող է համարվել հարցի լուծում: Ուստի անհրաժեշտ է վերահաստատել մեր պահանջերի արմատական բնույթը և մեր անհամաձայնությունը հարկատեսակ դարձնելու գաղափարին»,- ասաց Հ. Գրիգորյանը:

Ստորագրահավաքի ձևաթուղթը և դիմումը կարելի է բեռնել նախաձեռնության ֆեյսբուքյան էջից, հիշեցրեց նա և նշեց, որ ցանկալի է, որ ամեն հիմնարկությունում կազմակերպեն ստորագրահավաք, իսկ աշխատավայրը նշելը պարտադիր չէ, կարելի է նշել մասնագիտությունը: Հ. Գրիգորյանի խոսքով՝ ստորագրված ձևաթղթերը կարելի ուղարկել էլեկտրոնային եղանակով կամ բերել առձեռն Ազատության հրապարակ մարտի 27-ին և Մարտի 28-ին, որից հետո երթ կլինի դեպի ՍԴ՝ դիմումը և կից ստորագրությունները հանձնելու: Ըստ նրա՝ զուգահեռ կկազմակերպվի հանրային քննարկում նույն տեղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս