Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի համար կարժենա 20 միլիարդ դոլար. մամուլ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի համար կարժենա 20 միլիարդ դոլար: Այս մասին գրում է օտար մամուլը. «Եթե անգամ Ղրիմն անջատվի Ուկրաինայից ու միացվի Ռուսաստանին, ապա դրանից կտուժեն իրենք ղրիմցիներն ու ռուսները, սակայն ոչ Ուկրաինայի ժողովուրդը:
Միջնաժամկետ հեռանկարում թերակղզու միացումը Մոսկվայի համար կարժենա 20 միլիարդ դոլար: Ռուսաստանում հարկ վճարողները մտածելու բան ունեն: Ռուսաստանը բոլոր «բարեկամներին» պահելու համար ծախսում է ոչ քիչ միջոցներ: Բելառուսը տարեկան 7 միլիարդ դոլար է ստանում էներգակիրների սուբսիդիայի տեսքով և ևս 2 միլիարդ դոլար վարկերի ու դրամաշնորհների տեսքով:
Փոքրիկ արբանյակ-երկրներ Աբխազիան ու Հարավային Օսիան ստանում են 1.8 միլիարդ դոլարի ուղիղ ներդրումներ և ռուսական պետական ընկերությունների կողմից 800 միլիոն դոլարի «մասնավոր» ներդրումներ: Այս ամենին հավելեք Ուկրաինայի արևելյան նահանգներն ու դաշնակցային միջինասիական երկրները: Ռուսաստանն այդպիսով հարկադրված է տարեկան վճարել 12 միլիարդ դոլարի սուբսիդիաներ»: