Ռուսերենի իմացությունը բավարար պայման՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու համար. ԳԱԼԱ
Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, անդրադառնալով վերջերս Ռուսաստանի կառավարության պետական Դումա ներկայացրած քաղաքացիության մասին նոր օրինագծին, ընդգծել է, որ օրինագիծը կքննարկվի մարտի 17-ին Ղրիմի հանրաքվեից հետո միայն: Հիշեցնենք, որ օրինագիծը քաղաքացիություն ստանալու նոր կանոններ է ընդունում ռուսալեզու քաղաքացիների համար: Համաձայն դրա՝ խորհրդային նախկին հանրապետությունների այն բնակիչները, ովքեր տիրապետում են ռուսաց լեզվին, քաղաքացիություն կարող են ստանալ երեք ամսում, եթե մշտական բնակություն հաստատեն Ռուսաստանում և հրաժարվեն իրենց քաղաքացիությունից: Այս պրոցեսն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի միայն ռուսաց լեզվի քննությունը: Չնայած այն բանին, որ օրինագծի ընդունումը կապվում է Ուկրաինայի դեպքերի հետ, բայց փաստորեն տարածվելու է նաև հետսովետական մի շարք երկրների, այդ թվում և Հայաստանի:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը անդրադառնալով այս հարցին ընդգծել է, որ միտում է տեսնում մեր քաղաքացիներին ՌԴ տեղափոխելու. «Իսկ դրա հիմնական գրավականն աշխատատեղն է: Հայաստանում չկա աշխատանք, չկա եկամուտ: Իսկ այս օրինագիծը հնարավորություն է տալիս այն մարդկանց, ովքեր լավ տիրապետում են ռուսաց լեզվին, արտերկրում՝ կոնկրետ Ռուսաստանում աշխատանք գտնել և ապահովել կենսապայմանները»: Տնտեսագետը նշեց նաև այն փաստը, որ առանց այն էլ մեր երկրում արտագաղթի տեմպը բարձր է, և այս օրինագիծը իր հերթին խթան է հանդիսանալու արտագաղթի համար: Անդրադառնալով տնտեսական կողմին՝ Վարդան Բոստանջյանը նշեց. «Տնտեսական առումով ընդհանրապես անկախ այդ օրենքից խնդիրներն ակնհայտ են: Այստեղ հարկ է ընդգծել տրանսֆերտների ծավալների մասին, որովհետև դրանց քանակի նվազեցումը անխուսափելի կլինի: Եթե առաջ մարդիկ արտագաղթի ճանապարհով գնում էին և վաստակածը ուղարկում էին ընտանիքներին, ապա այս դեպքում ընտանիքներին էլ կտանեն, ու Հայաստան մտնող գումարների զգալի մասը կկրճատվի»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: