Ընդդիմությունն է այլընտրա՞նք դառնում, թե՞ այլընտրանքը՝ ընդդիմություն. Գալուստ Սահակյանը կարծում է՝ առաջին տարբերակն է այսօր տեսանելի

«Դեռևս քննարկումների փուլում են, յուրաքանչյուր կողմից տարբեր կարծիքներ են փոխանցում, դա նրանից է, որ կոնկրետ հաստատուն գաղափար պետք է դնեին… Ինչևիցե, կարծում եմ՝ կքննարկեն ու կասեն: Հիմա խնդիր կա նաև՝  ընդդիմությունն այլընտրա՞նք է դառնում, թե՞ այլընտրանքը՝ ընդդիմություն, ոնց որ առաջինն է գնում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ոչ իշխանական չորս ուժերի համագործակցությանը:

Գ. Սահակյանն ասաց, որ ուժերը բանակցությունների մեջ են, բայց գաղտնի են պահում, թե ով պիտի գա իշխանության. «Իսկ հենց եկան, պիտի ասեն, որ ամեն ինչ լավ եղավ, կգանք ամեն ինչ կանենք, այստեղ հասարակության մոտ հարցադրում է լինելու. չէ՞որ դուք իշխանության մաս եք կազմել ժամանակին, և բավական լուրջ մաս, այդ գործիքներին տիրապետել եք։ Ու հասարակությունը պիտի հարցնի՝ ձեզանից ո՞վ է իշխանության գալու. եթե բոլորդ եք գալու իշխանության, ինչ-որ մի պահ մաս էիք, դե անեիք, ինչ որ ուզում եք անեք հիմա… Հարցադրումները շատ են»:

Նա հավաստիացրեց, որ կողմնակից է ոչ իշխանական ուժերի համախմբածությանը, ապա շեշտեց, որ ոչ միայն յուրաքանչյուր քաղաքական ուժ, այլև քաղաքական ուժի պատվիրակության ցանկացած անդամ իր բնութագիրն է տալիս, և շատ դժվար է կռահել՝ ուզում են ԱԺ-ը ցրե՞լ,  կառավարությա՞նը փոխել, թե՞ ընդհանրապես փոփոխությունների գնալ: «Սա գալիս է նրանից, որ ոչ միայն տարբեր գաղափարների մարդիկ են, այլ տարբեր որակների, բայց պիտի քնքուշ վերաբերվենք՝ դուք էլ, մենք էլ, որ ինչ-որ բան ստացվի»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ հանդիպան ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե շատերը միկրոինֆարկտ կստանան հանդիպումից, Սահակյանն ասաց. «Հանդիպումներից դուրս են գալիս ու ինչ-որ անհատներ կան, որ հրճվանքով արդյունքներ են գրանցում, որ հիմա մրցակից կողմը ինֆարկտի է հասնելու՝ չմտածելով, որ պիտի լուրջ մոտենան գործին. նախ պիտի մտածեն այլընտրա՞նք են դառնում, թե՞ այլընտրանքը՝ ընդդիմություն: Սա հենց որոշակի դարձավ, արդեն խաղի կանոնները հնարավոր է առաջ տանել»:

Տեսանյութեր

Լրահոս