Բոտուլիզմի 2 դեպք է արձանագրվել. հղի կնոջ վիճակը ծանր է
Վայոց ձորի մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով (հղի կինը և ամուսինը): Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ սննդային թունավորման հավանական պատճառ է հանդիսացել տուժածների կողմից մարտի 7-ին սննդում օգտագործած սմբուկի խորովածի պահածոն:
Ուտելու հաջորդ օրը կնոջ ինքնազգացողությունը վատացել է, ի հայտ են եկել սրտխառնոց, փսխումներ, գլխացավ, գլխապտույտ, մշուշոտ տեսողություն, սակայն նա բժշկի չի դիմել:
Կինը Եղեգնաձորի բժշկական կենտրոն է դիմել միայն մարտի 10-ի երեկոյան` ծանր վիճակում, որտեղ ախտորոշվել է սուր պիելոնեֆրիտ, նեյրոտոքսիկոզ և տեղափոխվել Երևան` «Արմենիա» ԲԿ-ի ծննդատուն (չնշելով պահածոյի օգտագործման մասին): Նույն օրը վատացել է նաև ամուսնու ինքնազգացողությունը, ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` թուլություն, երկտեսություն, ռնգախոսություն, կլման ակտի խանգարում: Տուժածների կլինիկական ախտանշանների հիման վրա ախտորոշվել է բոտուլիզմ:
Ներկայումս կնոջ վիճակը գնահատվում է ծանր, իսկ ամուսնու վիճակը` միջին ծանրության: Հիվանդներին ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ, բուժումը շարունակվում է:
Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին ու կրկին հորդորում է.
• խուսափեք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
• տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկեք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
• մի գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
• առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմեք բժշկի:
ՀՀ Առողջապահության նախարարություն