«Եթե նույնիսկ պապս Քրիստոսի ձեռքը բռնած գա, ինձ չի ապացուցի, որ լիցենզիա կա, գինը կիջնի, եթե մրցույթ է, գինը կբարձրանա…»
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքի նախագծում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ նախաձեռնությունը դրական է, որովհետև ակնհայտ է մի բան՝ «հին ձևով չենք կարող շարունակել, ինչ-որ բան պետք է փոխվի»:
Նա հիշեցրեց, որ այն ժամանակ, երբ օրենքի նախագիծը դեռևս քննարկվում էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ինքը մի քանի անգամ շեշտել էր՝ հարկավոր է ստույգ թվերով հիմնավորված պրոֆեսիոնալ փաստաթուղթ ներկայացնել:
«Ասվեց՝ բերեք մի պրոֆեսիոնալ փաստաթուղթ, մեջը գրեք այսօրվա ուղևորավարձի ինքնարժեքը: Դուք խոսեցիք Լոնդոնի մասին, մենք Լոնդոնի մասին գիտենք, բայց հակառակ օրինակներն էլ կան, կարծիքները բաժանվեցին… Կան քաղաքներ, գները սահմանված են և՝ հակառակը… Այս խնդիրը չի դասվում ընդհանուր տնտեսագիտական կանոններին, սա դասվում է տեղական նշանակության տնտեսագիտական խնդրին և ընդունվում, որ կարող է փոխվել սպեցիֆիկ ձևով առանձին դեպքերում, որպեսզի մենք էլ իմանայինք Երևանի սպեցիֆիկան, որն, ընդ որում՝ Գյումրիում կարող էր չարդարացվել»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:
Նա անդրադարձավ նաև նախագծում առաջարկվող փոխադրամիջոցներին լիզենացիայից զրկելու և մրցույթ հայտարարելու դրույթներին, որոնք, ըստ Հրանտ Բագրատյանի, հստակ կարգավորված չեն: «Լիցենզիան հանում ենք, մրցույթ ենք դնում. եթե նույնիսկ պապս Քրիստոսի ձեռքը բռնած գա, ինձ չի ապացուցի, որ լիցենզիա կա, գինը կիջնի, եթե մրցույթ է, գինը կբարձրանա… Ես ավելորդ եմ համարում ցանկացած լսում, եթե չենք ունենալու պրոֆեսիոնալ փաստաթուղթ»,- նկատեց նա:
Նա հորդորեց նման փոփոխությունները հապշտապ չկատարել, գնալ էվոլյուցիայի ճանապարհով, որպեսզի նախագծի արդյունքում լրացուցիչ գործազրկության վտանգ չառաջանա:
«Ես չեմ ասում՝ հատուկ դրա համար է արվում, բայց դե հետևանքների մասին պետք է մտածել՝ օպերատոր է ու լավ չաշխատեց, հետո՞… Իսկ ի՞նչ եկամուտ պետք է ունենա երթուղայինի վարորդը, հաճախ հիմնական խնդիրներից մեկը վարորդ գտնելն է… Ես կխնդերի՝ Դուք մտածեք՝ ի՞նչ կարելի է անել առաջին ընթերցումից դեպի երկրորդը»,- եզրափակեց նա՝ հավելելով, որ առայժմ ձեռնպահ է քվեարկելու այս նախագծին: