
Ուկրաինան չի դիտարկում ՆԱՏՕ մտնելու հարցը

Ուկրաինան այսօր չի դիտարկում ՆԱՏՕ (Հյուսիս-ատլանտյան դաշինք) մտնելու հարցը: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան: Նա հիշեցրեց Ուկրաինայի վարչապետ Ա. Յացենյուկի հայտարարությունը, որ այժմ այդ հարցն օրակարգում չկա:
Միաժամանակ պարոն Կուխտան տեղեկացրեց, որ առաջիկայում Ուկրաինան ստորագրելու է Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագիրը:
Դեսպանը մեկնաբանեց նաև մեկ այլ միջազգային կազմակերպությունից` ԱՊՀ-ից դուրս գալու մտադրության վերաբերյալ Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատարի հայտարարությունը:
Իվան Կուխտան դժգոհություն հայտնեց ԱՊՀ անդամ պետությունների արտգործնախարարների պահվածքի կապակցությամբ:
Նա նշեց, որ «Ղրիմի, այսպես կոչված, կառավարության կողմից» հանրաքվե անցկացնելու մասին որոշման ընդունումից հետո Ուկրաինան, որպես կազմակերպության նախագահող, առաջարկել է մարտի 7-ին Կիևում ԱՊՀ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստ անցկացնել, սակայն ԱՊՀ-ի անդամ երկրների արտգործնախարարները, իր խոսքերով, հրաժարվել են այդ հանդիպումից` պատճառաբանելով, որ զբաղված են, դրանից հետո Ուկրաինան կրկին դիմել է նույն առաջարկով` նիստն անցկացնել մարտի 12-ին, և նորից արտգործնախարարները չեն եկել այդ նիստին:
«Եվ մեր արտգործնախարարը, ԱԳՆ-ն արտահայտել է իր դիրքորոշումը` եթե ԱՊՀ-ի անդամ երկրների արտգործնախարարները` ԱՊՀ-ի անդամներից մեկի` Ուկրաինայի համար այսպիսի ծանր ժամանակաշրջանում չեն կարողանում հավաքվել` խնդիրը քննարկելու համար, ապա հարց է առաջանում` այդ դեպքում ո՞ւմ է պետք այդպիսի կառույցը»,- ասաց Իվան Կուխտան: