
Էդուարդ Շարմազանովի հորդորը Նիկոլ Փաշինյանին. Պետք է կոնկրետ առաջարկ ներկայացնել, այլ ոչ թե քաղաքապետի անունը մի քանի անգամ ավել հնչեցնել

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, թե Երևանի տրանսպորտի ուղեվարձը չի իջնի, քանի դեռ քաղաքապետը Տարոն Մարգարյանն է:
Նա առաջարկեց Տարոն Մարգարյանին և Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությանը հրաժարական ներկայացնել, անցկացնել Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ:
Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ԱԺ Հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատգամավորին հորդորեց Տարոն Մարգարյանի անունը հնչեցնելու փոխարեն օրենքի շուրջ առաջարկներ ներկայացնել:
«Ասեմ իմ բոլոր գործընկերներին և հարգարժան իմ գործընկերոջը, որ քաղաքապետի ընտրություններին վերաբերող պատմական էքսկուրս կատարելուց մենք այս օրենքի նախաձեռնության մեջ ավել բարեփոխումներ չենք իրականացնում: Եթե կան կոնկրետ առաջարկներ, պետք է կոնկրետ առաջարկ ներկայացնել, այլ ոչ թե քաղաքապետի անունը մի քանի անգամ ավել հնչեցնել»,- նշեց Շարմազանովը: