Բաժիններ՝

Թուրքիայում «Գեզիի» 8-րդ զոհի հուղարկավորությունից հետո բախումներ են գրանցվել (տեսանյութ)

Euronews հեռուստաալիքի փոխանցմամբ՝ երեկ Ստամբուլում տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել 15-ամյա Բերկին Էլվանի հուղարկավորությանը: Էլվանը նախորդ տարվա ամռանը «Գեզի» այգու համար բողոքի ակցիաների ժամանակ դարձել էր ոստիկանության գործողությունների պատահական զոհ՝ չհանդիսանալով ցուցարար:

Հաց գնելու նպատակով խանութ գնալու ճանապարհին Էլվանը հարված էր ստացել գլխին, ինչից հետո հայտնվել էր կոմայի մեջ: 269 օր կոմայի մեջ գտնվելուց հետո Էլվանը հիվանդանոցում կնքել է իր մահկանացուն: Դրանով իսկ նա դարձավ «Գեզի» այգու համար բողոքի ակցիաների 8-րդ զոհը:

Նրա հուղարկավորությանը մասնակցածները պահանջել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հրաժարականը՝ կառավարությանը մեղադրելով անհամաչափ ուժ կիրառելու ու կոռուպցիայի մեջ: Ոստիկանությունը ջրաշիթեր ու արցունքաբեր գազ է կիրառել նրանց նկատմամբ:

Երեկ Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում անցկացվել են բողոքի ակցիաներ: Կան տասնյակ ձերբակալվածներ: Էրդողանը դեռ որևէ կերպ չի մեկնաբանել Բերքին Էլվանի մահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս