Շվեյցարիան Գուլնարա Կարիմովային կասկածում է «փողեր լվանալու» մեջ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեյցարիայի դատախազությունը քրեական հետաքննություն է սկսել, որի կիզակետում հայտնվել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի ավագ դուստր Գուլնարա Կարիմովան: Վերջինիս կասկածում են շվեյցարական բանկերում «փողեր լվանալու» մեջ:
Դա կապված է հեռահաղորդակցային ծառայությունների ուզբեկական շուկայում կատարված իրավախախտումների հետ: Տվյալ գործով հետաքննության շրջանակներում կալանքի տակ են դրվել մի շարք հաշվեհամարներ, որոնցում առկա է ավելի քան 800 միլիոն շվեյցարական ֆրանկ:
Սկզբնական շրջանում հետաքննությունն առնչվում էր Ուզբեկստանի 4 քաղաքացու, որոնք Գուլնարա Կարիմովայի հետ պահպանել են մասնավոր բնույթի ֆինանսական կապեր: Նրանցից երկուսին 2012 թվականի ամռանը կալանքի տակ են առել Ժնևում, ապա գրավի դիմաց ազատ են արձակել:
Շվեյցարիայի դատախազությունն ընդգծել է, որ Կարիմովան մինչև 2013 թվականի ամռանն ուներ դիվանագիտական անձեռնմխելիություն, քանի որ հանդիսացել է ՄԱԿ-ում և Ժնևում բազավորված միջազգային կառույցներում Ուզբեկստանի մշտական ներկայացուցիչ:
Նախորդ տարվա օգոստոսին դատախազության աշխատակիցները ոստիկանության հետ խուզարկել են Ժնևում գտնվող Կարիմովայի շքեղ առանձնատունը, ինչը հնարավորություն է տվել նրա դեմ հավաքել նոր ապացույցներ: Շվեյցարիայում Գուլնարա Կարիմովայի դեմ հետաքննությունը սկսվել է 2013 թվականի սեպտեմբերի 16-ին: