
ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը փետրվարի 22-ին Փարիզում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, իսկ մարտի 11-ին Մոսկվայում՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Համնանախագահները շարունակել են արտգործնախարարների հետ քննարկել 2013 թվականի նոյեմբերին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բարձրացրած հարցերի լուծումը: Արտգործնախարարները վերստին մնացյալ հարցերը լուծելու ու գործընթացն առաջ տանելու ցանկություն են հայտնել:
Կողմերը պայմանավորվել են բարձր մակարդակով բանակցություններ անցկացնելու անհրաժեշտության շուրջ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի գրանցման համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդգծել են համագործակցության շարունակման կարևորությունը:
Համանախագահները պլանավորում են տարածաշրջան այցելել հաջորդ ամիս: