
Զինված ու դիմակավոր անձինք Կիևի կենտրոնում բանկ են գրավել

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամվբ՝ անցած գիշեր երկու տասնյակ զինված ու դիմակավոր մարդիկ ներխուժել են Կիևի կենտրոնում գտնվող «Ուկրբիզնեսբանկի» բաժանմունք: Դրանից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանները, ինչպես նաև «Տիտան» հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները:
Նրանք փակել են բանկը գրավողների նահանջի ճանապարհները, սակայն դեռ ոչինչ չեն ձեռնարկում նրանց վնասազերծելու ուղղությամբ: Չարագործները զինված են ինքնաձիգով, մահակներով ու դանակներով:
Գործակալությունն ընդգծում է, որ ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն ու Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահ Վալենտին Նալիվայչենկոն չեն պատասխանում իրենց հեռախոսազանգերին: Որոշակի տվյալներով՝ բանակցություններից հետո բանկը գրավողները որոշել են հանձնվել, սակայն պաշտոնապես դա չի հաստատվել: