Արմեն Աշոտյան. Իշխանության մեջ ամբողջությամբ ու մաս-մաս բոլոր օրգան-համակարգերը լավ գործում են, բոլորը…
168.am-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա վերաբերում ոչ իշխանական չորս ուժերի հանդիպումների շարքին, արդյոք նրան չի՞ անհանգստացնում այն հանգամանքը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ընդդիմադիր ուժերի հետ: Նախ Ա. Աշոտյանը նշեց. «Ոչ իշխանական ուժեր չկան. կա երեք ընդդիմադիր և մեկ այլընտրանքային ուժ: Քաղաքական տեսանկյունից սխալ է ոչ իշխանական ուժ ասելը՝ կա մեկ այլընտրանք, երեք՝ ընդդիմություն»: Ապա նա անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումից հետո շատերն առողջական խնդիրներ կունենան և ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի այն դիտարկմանը, թե շատերն էլ «միկրոինֆարկտ» կստանան:
«Ես չեմ զարմացել, որ պարոն Գագիկ Ծառուկյանը մտահոգված է իշխանությունների առողջությամբ և նա դա հաջողությամբ է անում վերջին տասը տարուց ավել, որովհետև շահագրգիռ է ուժեղ ու առողջ իշխանություն ունենալու մեջ:
Հաճելիորեն զարմացած եմ Լևոն Զուրաբյանի մտահոգությունից: Ուզում եմ շտապել փարատել իր մտահոգությունը՝ ասելով, որ իշխանության մեջ ամբողջությամբ ու մաս-մաս բոլոր օրգան-համակարգերը լավ գործում են, բոլորը…»:
Մեր հարցին՝ արդյոք ոչ իշխանական ուժերի հանդիպումները սպառնալիք չե՞ն հանդիսանում իշխանության կորստի համար, Արմեն Աշոտյանը պատասխանեց, թե իշխանության կորստի սպառնալիք կա ցանկացած ժողովրդավար երկրում ընտրություններով պայմանավորված և դա է պատճառը, որ քաղաքական ուժերը ընտրությունների ժամանակ պայքարում են հաղթանակի հասնելու համար:
Հարցին, թե ի՞նչ եք նախաձեռնելու, որպեսզի իշխանությունը ձեր ձեռքից չվերցնեն, նախարարն այսպես արձագանքեց. «Ինձնով քիչ մտահոգվեք. կարծում եմ՝ ապագա աշխատատեղի խնդիր ես չունեմ՝ ոչ տեսանելի ապագայում, ոչ անտեսանելի ապագայում: Ես ինձ աշխատանք կգտնեմ և դրան զուգահեռ անպայման կլինեմ իմ կուսակցության շարքերում, իմ կուսակցության կողքին, ներսում, որ իմ կուսակցությունը քաղաքական դաշտում մնա քաղաքական մտքի առաջատարը»: