Ե՞րբ Ծառուկյանը կհայտարարի, որ ինքը «Իվանիշվիլի» չէ. «Առավոտ»
Անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ պատվիրակությունների հանդիպմանը՝ «Առավոտը» գրում է.
Եթե Սերժ Սարգսյանի իշխանության «կազմաքանդումը» ենթադրում է ընդամենը «Միասնական լուծումների մշակում ու իրականացում«, ապա ՀԱԿ-ը մտորելու առիթ ունի՝ առհասարակ, ԲՀԿ-ն չասենք՝ «ընդդիմություն», գոնե «այլընտրանք» կարո՞ղ է դառնալ։ Անցյալ ուրբաթ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց դաշնակցական գործիչներին, և այդ հանդիպման մասին պատմող տեսանյութից կարելի էր հասկանալ, որ խոսքը քաղաքական ուժերի համագործակցության, «իրար հետ կապի մեջ լինելու», «շփվելու» մասին է, համեմանդեպս՝ դա էր ասում Գագիկ Ծառուկյանը։ Անցալ տարի մայիսի 14-ին Աբովյանում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողության ժամանակ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. »«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի կարող ընդդիմություն դառնալ»։ Այս հայտարարությունն այսօր քչերն են հիշում, և դա գուցե ինչ-որ առումով հասկանալի է՝ դաշնակից ուժերի մարտավարական տեսանկյունից։ Օրինակ՝ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել ԲՀԿ-ՀԱԿ հանդիպմանը, կարելի է ենթադրել, որ Տեր-Պետրոսյանը, այնուամենայնիվ, վստահ չէ Ծառուկյանի քայլերի անկեղծությանը՝ այն առումով, որ նա կարող է ստանձնել «իվանիշվիլիացման« դերը։
Հնարավոր է նաև այլ տարբերակ՝ Տեր-Պետրոսյանը չի մասնակցել այդ հանդիպմանը Ծառուկյանի խնդրանքով, որպեսզի Սերժ Սարգսյանը անհարկի չբարկանա։ «Կոնսոլիդացիայի» գաղափարի թեժացման, քաղաքական-հասարակական բանավեճի համար այս կարգի հանդիպումներն ու բարեմաղթանքները՝ Հայաստանի ապագայի վերաբերյալ, ճիշտ ժամանակին էլ մտան քաղաքական օրակարգ։ Մինչև հաջորդ նախագահական ընտրություններ էլ ինչո՞վ զբաղվեին ոչ իշխանական հիմնական ուժերը… Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջի՞ Գագիկ Ծառուկյանը… Թե՞ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ուկրաինական զարգացումներից, Ռուսաստանի՝ աշխարհին նետած մարտահրավերներին արձագանքեն ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը… Իսկ գուցե Մաքսային Միությունում Հայաստանի ապագայի վերաբերյա՞լ բարձրաձայնեն… Այնպե որ՝ եթե խնդիրը միայն Տիգրան Սարգսյանի կառավարումն է, ապա «կոնսոլիդացիա» բառը, կարծես, այնքան էլ հարմար չէ ընտրված՝ որպես Հայաստանում արմատական փոփոխությունների մեկնարկ։ Բայց այս ամենից առավել կարևոր մեկ այլ հարց է կա՝ իսկ որքա՞ն կդիմանա Գագիկ Ծառուոկյանը և որերո՞րդ հանդիպումից հետո կհայտարարի, որ ինքը «Իվանիշվիլի» չէ։
Մանրամասները «Առավոտի» այսօրվա համարում։