Հայաստանը կարող է միակողմանի շոկ ապրել. Տնտեսագետ
Ուկրաինական իրադարձությունների հետևանքով Ռուսաստանի դեմ կիրառվելիք պատժամիջոցների դեպքում ամենավատատեսական սցենարը եթե դիտարկենք, ապա դա համաշխարհային ճգնաժամի կրկնության վտանգն է: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Սամվել Ավագյանը: Ըստ նրա՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեն կարող միակողմանի ազդել, դրանք նաև բումերանգի ազդեցություն կունենան եվրոպական շուկաների վրա, մասնավորապես՝ կազդեն մատակարարվող էներգակիրների ծավալների վրա, Ռուսաստանում եվրոպական արտադրանքի սպառման շուկաների վրա, ռուսական ընկերությունները կարող են դուրս գալ եվրոպական ֆինանսական շուկաներից ՝ տանելով իրենց հետ փոխկապակացված այլ ընկերությունների: Ս.Ավագյանի խոսքով՝ այս սցենարի ներքո համաշխարհային շուկայում հումքի անկանխատեսելի գնաճային երևույթներ կարող են տեղի ունենալ, որոնք շոկ կառաջացնեն. «Սա ամենավատատեսական սցենարն է, որը քիչ հավանական է, բայց հավանական է: Ամեն ինչ կախված է նրանից, թե պատժամիջոցների խորությունն ու չափը ինչպես կընտրվի ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից: Ներկայումս ընտրված պատժամիջոցերն այնքան վտանգավոր չեն, խիստ վատատեսական սցենարներ չեն ենթադրում, բայց թե ինչ կլինի, դժվար է ասել»:
Տնտեսագետի կարծիքով՝ առկա իրավիճակը համաշխարհային տնտեսության վրա շատ ուժեղ ազդեցություն չի ենթադրում. «Որոշ ոչ շատ խորը ազդեցություն ենթադրում է միայն ՌԴ տնտեսության վրա, որտեղից մենք կարող ենք ստանալ բացասական ազդակներ՝ հիմնականում տրանսֆերտների և ներդրումների անկում: Այսինքն, մենք այսօր միակողմանի կարող ենք շոկ ապրել, բայց միայն ՌԴ տնտեսությունից եկող ազդակների միջոցով: Իսկ եթե քաղաքական կարգավորումների գան Ուկրաինայի շուրջ, այդ շոկերն էլ կարող են վերանալ»: