«Մենք կրկին անգամ առնչվում ենք միջազգային հանրության կողմից մեր կառավարությանը տրված անբավարար գնահատականին»
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե
Էնֆիաջյանի հայտարարությունը Ազգային ժողովում.
«Քաղաքակիրթ երկրներում մշտապես իրականացվում են տարատեսակ մոնիթորինգներ, որոնք նպատակ ունեն ցույց տալու այս կամ այն երկրի իրական տնտեսական, հասարակական և քաղաքական ձեռքբերումները կամ ձախողումները: Միջազգային ոչ կառավարական Համաշխարհային Արդարադատության նախագիծ կազմակերպությունը դեռևս 2010 թվականից իրականացնում է բազմապրոֆիլ հետազոտություն: Նպատակն է պարզել, թե երկրներից որում օրենքի գերակայությունն ինչ մակարդակի վրա է գտնվում: Այսպիսով՝ վերոնշյալ կազմակերպության կողմից իրականացված հետազոտություններն իրականացնելիս հիմք է ընդունվել երկրներում իրականացվող մի շարք գործընթացների ցուցանիշները:
1. Իշխանական ինստիտուտների սահմանափակումը
2.Կաշառակերության բացակայությունը
3.Անվտանգություն և կարգ ու կանոնը
4.Հիմնական իրավունքների պաշտպանությունը
5.Իշխանական ինստիտուտների աշխատանքի թափանցիկությունը
6.Օրենքների պահպանումը
7.Հասարակական արդարադատությունը
8. Քրեական արդարադատությունը:
Հիմք ընդունելով վերոնշյալ ցուցանիշները, կազմվել է 99 երկրների ցանկ: Որպես կանոն` Հայաստանի Հանրապետությունը գրեթե բոլոր միջազգային դասակարգման սանդղակներ սահմանելիս ցավալիորեն արձանագրում է տխուր ցուցանիշներ: Սակայն վերջին ուսումնասիրությունը լուրջ տեղիք է տալիս մտածելու, որ ամեն ինչ շատ ավելի վատ է քան գիտենք:
Հայաստանն այս ցանկում անգամ չի ներառվել:
Փաստացի, համաձայն հեղինակավոր միջազգային կազմակերպության վերլուծության արդյունքների, մեր երկրի իրավական և արդարադատության համակարգն այն աստիճան անկատար է, որ նույնիսկ 99 երկրների ցանկում չի ներառվել:
Վտանգավոր ևս մեկ երևույթ՝ մեր տարածաշրջանում Հայաստանից բացի, ցանկում չկա միայն Ադրբեջանը, որը միջազգային հանրությանը հայտնի է իր տոտալիտար կառավարման համակարգով, ժողովրդավարության և օրենքի գերակայության գրեթե իսպառ բացակայությամբ:
Մենք կրկին անգամ առնչվում ենք միջազգային հանրության կողմից մեր կառավարությանը տրված անբավարար գնահատականին»: