Ռուբեն Հակոբյանը՝ իշխանություններին. Լավ չեք անում, ձեր պահվածքով մղում եք անորոշության
«Այս իրավիճակից դուրս գալու լավագույն տարբերակն այն է, որ իշխանությունը ճիշտ գնահատի ստեղծված ծանր իրավիճակը»,- այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա նշեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալ կարելի է նաև քաղաքական կոնսոլիդացիայի միջոցով, քաղաքական օրակարգ ձևավորելով, արմատական փոփոխություններով:
«Բնականաբար, այդ օրակարգը իմիտացիոն բնույթ չպիտի կրի, պիտի հիմնականում լուծումներ տա հետևյալ հարցերին՝ ինչպե՞ս կարողանալ կասեցնել այս կոռուպցիայի հաղթարշավը, որ կա պետական կառավարման համակարգում, որը համակարգային բնույթ է կրում և ինչպե՞ս ամբողջ աշխարհում, մեզանում նույնպես ղեկավարվում է բարձրագույն իշխանության կողմից, ինչպե՞ս կարողանալ մշակել մեխանիզմ, որ մոտ երկու միլիարդ դոլարի ստվերային ֆինանսատնտեսական շարժը տեղափոխվի հարկային դաշտ և վերջապես պետությանը փրկել մուրացկանի կարգավիճակից, ինչպե՞ս իշխանությանը բացատրել, որ ունենալ իշխանություն, դա չի նշանակում դիտել որպես սեփական տնամերձ և պետական կառավարման և ՏԻՄ համակարգը չխցկել սեփական հարազատներով, քավոր-սանիկներով, իսկ նորմալ դաստիարակված, կրթված երիտասարդները հեռանան Հայաստանից և իրենց ինտելեկտուալ կարողությունները փորձեն իրացնել կամ հարևան փողոցներում ասֆալտներ փռելով, կամ վախվորած կանաչի վաճառելով:
Ինչպե՞ս կարողանալ բիզնես դաշտը փրկել փայատերերից, տանիքներից, կամ ինչպես կարողանալ հասնել նրան., որ մեր իշխանությունները օրվա մի հատվածում սիրո և հավատարմության երդում չտան տարբեր բևեռներում գտնվող պետություններին: Լավ չեք անում, ձեր պահվածքով մղում եք անորոշության, նորմալ քայլեր իրականացրեք այս վիճակից դուրս բերելու համար, քանի դեռ ուշ չի»,- նշեց նա: