Աթերոսկլերոզ. ժողովրդական դեղատոմսեր
Բուժիչ նամակներ
Աթերոսկլերոզը զարգանում է անոթների պատերի վրա` ճարպի և խոլեստերինի կուտակման և անոթների հետագա խցանման հետևանքով։ Խոչընդոտվում է արյան հոսքը, և խախտվում հյուսվածքների մատակարարումը թթվածնով և օգտակար նյութերով, սկսում են զարգանալ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ` իշեմիա, ինֆարկտ, ինսուլտ, հիպերտոնիա։
Աթերոսկլերոզը զարգանում է դանդաղ։ Ժամանակին հայտնաբերելու դեպքում այն կարելի է հեշտությամբ բուժել` ճիշտ սննդակարգի ընտրությամբ և ժողովրդական բժշկության միջոցներով։ Ցավոք, աթերոսկլերոզի բուժումը հաճախ սկսվում է իշեմիայի ֆոնի վրա, և զարգանում է սրտի արտահայտված անբավարարություն։ Այս դեպքում սննդակարգը կարող է դիտվել` որպես պարտադիր, իսկ ժողովրդական բժշկության մեթոդները` որպես օժանդակ բուժման միջոցներ։
Աթերոսկլերոզի դեպքում օգտակար է բալը։ Բժիշկներն առաջարկում են մեկ շաբաթ ուտել միայն բալ` օրը 1,5 կգ, և խմել 1 լ-1,5 լ կաթ և ուրիշ ոչինչ չուտել։
Ոչ պակաս օգտակար է կաղամբը։ Խորհուրդ է տրվում խմել 100-ական մլ կաղամբի հյութ` օրը 2-3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։ Բուժումը պետք է շարունակել 30 օր, ընդմիջել 1-2 շաբաթ և կրկնել։
Խոլեստերինի մակարդակը կարգավորող հատկություն ունի կարմիր բազուկը։ Թարմ հյութը պետք է 2 ժամով դնել սառնարանի մեջ, որից հետո այն կարելի է խմել. 60-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ 20 օր խմելուց հետո կարելի է կրկնել ոչ շուտ` քան 1 ամիս անց, այն էլ` բուժող բժշկի թույլտվությամբ։
Ծովակաղամբ։ Կարելի է ուտել կիտրոնի հյութի հետ կամ չորացրած վիճակում. 2-ական գրամ` օրը 1-2 անգամ, ապուրի հետ կամ առանձին։
Կարտոֆիլ։ Խորհուրդ է տրվում 40-ն անց մարդկանց. Խմեք 100-200 մլ թարմ հյութ` նախաճաշից առաջ։
Ցիտրուսներ։ Խառնեք 1-ական կիտրոնից և նարնջից ստացված հյութերը, 50 մլ գոլ ջուր, խմեք նախաճաշից 20 րոպե առաջ։
Կիվի։ Կերեք 1 պտուղ` նախաճաշից առաջ։
Խնձորի քացախ։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ, 100 մլ ջրի հետ։
Արևածաղկի, ձիթապտղի, կտավատի յուղեր (ցանկալի է` չզտված)։ Խմեք 2-ական թ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Կերեք օրը 1 հատ գազար։
Կաթնաշոռ. Օգտակար է անյուղը, հատկապես տնային պայմաններում` թարմ կաթից պատրաստվածը։
Վուշի սերմ։ Կերեք առավոտյան անյուղ կաթնաշոռի հետ, կամ 1 թ/գ մանրացրած սերմը 8 ժամ թրմեք 100 մլ մածունի մեջ և խմեք առավոտյան։
Բադրիջան։ Օգտակար է` անկախ պատրաստման եղանակից։ Իջեցնում և կարգավորում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ, նպաստում է քաշի իջեցմանը։
Սև խաղող։ Թարմ հյութը հատկապես օգտակար է ուղեղը սնող անոթներին։ Խմեք 50 մլ նախաճաշից 30 րոպե-1 ժամ առաջ։
Սև հաղարջ։ Կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը։
Կոկռոշենի։ Օգտակար է հասունացածը, ամրացնում է արյունատար անոթների պատերը։
Ոլոռ։ Կանխարգելում է աթերոսկլերոզի հետագա զարգացումը։ Խմեք փոշին. 1-ական թ/գ` օրը 3-4-անգամ, գոլ ջրի հետ։
Թեյ։ Սուրճի փոխարեն խմեք կանաչ թեյ, ցանկալի է` սև հապալասի, գետնամորու կամ հասմիկի հետ խառնած (1։1)։
Ընկույզ։ Ապացուցված է, որ ընկույզն իջեցնում է վնասակար ճարպերի և խոլեստերինի մակարդակն արյան մեջ։ Բավարար է ուտել օրը 70 գ։
Մեղր։ 250 գ մանրացրած սխտորի և 350 մեղրի խառնուրդը 1 շաբաթ թրմեք մութ տեղում։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
- Խառնեք սոխի հյութ և մեղր (1։1)։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
Կիտրոն։ Աղացեք 300 գ սխտոր, խառնեք 150 մլ կիտրոնի հյութի հետ, տարան ծածկեք թանզիֆով։ Խմեք կեսական թ/գ` օրը 2-3 անգամ, ուտելուց առաջ` գոլ ջրի հետ։ Շարունակեք 10-15 օր։
Խատուտիկ։ Թարմ տերևը և արմատի փոշին ունեն արյունը մաքրող հատկություն։ Խմեք կեսական գրամ փոշի` օրը 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Տերևն օգտակար է նաև անեմիայի, լյարդի հիվանդությունների, հոդացավի, հոդատապի դեպքում, և այլն։
Կեչու հյութ։ Մաքրում է օրգանիզմը միզաթթվից, խոլեստերինի և այլ վնասակար նյութերի կուտակումներից։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 30-40 օր։
Ձիաձետ։ 2-3 ճ/գ չոր խոտը 2 ժամ թրմեք 500 մլ եռջրում, ջերմապահի մեջ, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Կղմուխ։ 30 գ չոր մանրացրած արմատը 40 օր թրմեք 300 մլ օղու մեջ։ Խմեք 30-ական կաթիլ` օրը 2-3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ, գոլ ջրի հետ։
Պրոպոլիս։ Վերոգրյալ թուրմը քամեք, խառնեք ակնամոմի 10%-անոց ոգեթուրմի հետ։ Խմեք նույն չափաբաժիններով։
- Խառնեք ալոճենի դեղատնայինի և ակնամոմի 20 %-անոց ոգեթուրմերը։ Խմեք 30-ական կաթիլ` օրը 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Ունի քնաբեր ազդեցություն, լավացնում է սրտամկանի արյան շրջանառությունը, իջեցնում է ճնշումը, օգտակար է սրտի իշեմիկ հիվանդության և աթերոսկլերոզի դեպքում։
Ալոճենի։ 3 ճ/գ պտուղը լցրեք 500 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4-5 անգամ, ուտելուց առաջ։ Խմեք 1 ամիս, կրկնեք 2 շաբաթից, կատարեք տարին 5-6 անգամ։ Լավ արդյունք է ապահովում նույնիսկ խորացած աթերոսկլերոզի բուժման ընթացքում։
Խնձոր։ Լավագույն հակասկլերոտիկ հատկություն ունեցող բնական միջոցներից մեկն է։ Խորհրդակցեք բժշկի հետ և կատարեք բեռնաթափող սննդակարգային օրեր խնձորով։
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: