Ղրիմն Ուկրաինային հանձնելը կապված է եղել ջրանցքի կառուցման հետ. Սերգեյ Խռուշչով
Գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցի ժամանակ Սերգեյ Խռուշչովը, ով հանդիսանում է խորհրդային նախկին առաջնորդ Նիկիտա Խռուշչովի որդին և 1991 թվականից բնակվում է ԱՄՆ-ում, անդրադարձել է Ղրիմն Ուկրաինայի կազմում ներառելուն. «Ղրիմն Ուկրաինայի տարածք է դարձել բացառապես տեխնիկական պատճառներով:
1953 թվականին որոշվել է ջրանցք անցկացնել Դնեպրի ու Ղրիմի, այսինքն Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև: Ռուսական իշխանությունների հետ ծագած խնդիրների պատճառով ի հայտ է եկել Ղրիմն Ուկրաինայի հանձնելու պլան: Այդ դեպքում շինարարության համար պատասխանատու կլիներ միայն մեկ հանրապետություն՝ Ուկրաինա:
Դա եղել է նորմալ, դրանում չի եղել գաղափարախոսություն, եղել է միայն պրագմատիզմ: Խորհրդային Միությունում եղել են սահմանների փոփոխման նաև այլ դեպքեր: Ղրիմի հանձնումը նվիրված է եղել հարմարավետ իրադարձության՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի վերամիավորման 300-ամյակին: Ջրանցքը նախատեսված է եղել կառուցել 10 տարում:
Դա եղել է սովորական, կատարելապես օրինական գործընթաց: Տարածքի հանձնումը հավանության է արժանացել ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի, ինչպես նաև ՌՍՖՍՀ-ի ու Ուկրաինայի Խորհուրդների կողմից: Շատերը կարծում են, թե իմ հայրն այդ որոշումն ընդունել է միայնակ: Սակայն նա միայնակ ոչ մի կերպ չէր կարող անել դա»: