Շվեյցարիան սառեցրել է Ուկրաինայի 29 քաղաքացու ակտիվները
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեյցարիայի կառավարությունը սառեցրել է Ուկրաինայի 29 քաղաքացու ակտիվներն ու բանկային հաշվեհամարները: Սառեցված ակտիվների ծավալի մասին ոչինչ չի հաղորդվել:
Մասնավորապես, սառեցվել են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու նրա որդիների՝ Ալեքսանդրի ու Վիկտորի, ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարչենկոյի, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի, էներգետիկայի ու վառելիքի նախկին նախարար Էդուարդ Ստավիցկու, արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշի, ֆինանսների նախկին նախարար Յուրի Կոլոբովի, ինչպես նաև այլ նախարարների, պատգամավորների, քաղաքապետերի ու գործարարների հաշիվները:
Նշվում է, որ ԵՄ-ի մեջ չմտնող Լիխտենշտեյնը նույնպես սառեցրել է Ուկրաինայի նախկին կառավարության անդամների ակտիվները: