ՀՅԴ-ի հետ նախագահի հրաժարականի մասին հարց չի քննարկվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչպես տեղեկացրել ենք, հանդիպումների շարք է սկսել ոչ իշխանական ուժերի հետ: Առաջին հանդիպումն արդեն կայացել է ՀՅԴ-ի հետ: 168.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, ով ևս ներկա էր հանդիպմանը, ասաց, որ հանդիպումը տևել է 2,5 ժամ: Նրա խոսքով՝ հանդիպումների իմաստն այն է, որ ԱԺ-ում ոչ իշխանական կուսակցությունների ձևաչափով ստեղծված մարմինը քննարկի երկուստեք հետաքրքրող հարցեր:

«Հանդիպումների շարքը պայմանավորված է երկկողմանի հանդիպումների անհրաժեշտությամբ, տեսակետներ են ճշտվում, որոշակի դետալներ են համաձայնեցվում: Ես առաջին հանդիպումը գնահատում եմ բավական արդյունավետ, քննարկել ենք բոլոր այն հարցերը, որոնք հուզում էին, անհանգստացնում էին ամեն մեկին»,- նշեց նա:

Մեր հարցին, թե ինչո՞ւ կառավարության անվստահության հարց ՀՅԴ-ԲՀԿ հանդիպման ժամանակ չի քննարկվել, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Որևէ հարց հենց այնպես քննարկելու համար չի լինում, իսկ ով ասաց, որ չի քննարկվել։ Այդ հարցը քննարկվում է վաղուց, մենք ևս խոսել ենք դրանից, և առաջիկայում անելիքների մասին կլինի հայտարարություն, թե ինչ ենք մենք անում, որովհետև դա առանձին վերցրած հարց չի և այն կախված է բազմաթիվ այլ գործոններից:

Մենք կարող ենք մի անգամ վեր կենալ, հայտարարել ու վերանալ, բայց մենք ուզում ենք հարցերին լուծում տալ, չենք ուզում լինի այնպես, որ կառավարությունից մեկը գնաց, մյուսը եկավ: Փոփոխություն ասելով մենք հասկանում ենք այնպիսի կառավարություն, որը կունենա լուրջ աշխատանքի որոշակի սկզբունք, գաղափարախոսություն։ Օրինակ, տնտեսական բնագավառում ինչպիսի քաղաքականություն ենք ենթադրում նոր կառավարություն ունենալու պարագայում, և մենք սա հրապարակելու ենք: Մինչև չլինեն այս և այլ քաղաքական բնույթի հարցերը, թե ինչպիսին ենք ուզում լինի, անիմաստ է խոսել այս մասին»:

Կարդացեք նաև

Իսկ հարցին, թե նախագահի հրաժարականի հարց քննարկվե՞լ է, Ստեփան Մարգարյանը բացասական պատասխան տվեց. «Որևէ հարցի քննարկում, ինչի շուրջ մենք բարձրաձայնել ենք, դրանցից բացի՝ այլ հարց չենք քննարկել»:

Նա նշեց, որ եթե իրենք հասարակության համար չհրապարակեն այն համոզիչ դրույթները, թե ինչպիսին պետք է լինի երկրի զարգացման ուղղությունը, անիմաստ է հարց բարձրացնել այս կամ այն պաշտոնյայի հեռացման մասին: «Մեր նպատակը նա չէ, որ մի պաշտոնյան մյուսով փոխարինվի, մենք մեր ծրագիրը համոզիչ կերպով կհրապարակենք, որ կարդացողը հասկանա, մենք ինչ ենք ուզում, իսկ թե ինչպիսին կլինի այն անձը, ով կգա փոխարինման՝ դա արդեն հետագայի հարց է»,- նշեց պատգամավորը:

Նա երկրորդական համարեց այն հարցը, որ ԲՀԿ-ն կարծես պաշտոններ է ուզում կառավարությունում, ապա շեշտեց. «Մենք գտնում ենք, որ պետք է լինի լայն կոնսոլիդացիա և ստեղծվելիք մարմինը պետք է լինի ազգային համաձայնության նման մի բան, որը պետք է աշխատի այն գաղափարախոսությամբ, ինչը մենք կհրապարակենք»:

Մեր այն հարցին, թե արդյոք քաղաքական հանդիպումների շարքով Գագիկ Ծառուկյանը փորձո՞ւմ է ապացուցել, որ ինքը «Իվանիշվիլիից պակաս չէ», ինչպես մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ ասել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Մարգարյանը պատասխանեց, թե ՀԱԿ առաջնորդի թեզը շատ հասկանալի, պարզ թեզ էր, «խորիմաստ», և ինքը նկատում է թեզը նպատակային փչացնելու փորձեր: Ապա պատասխանելով բուն հարցին, ԲՀԿ-ական պատգամավորը նշեց. «Իհարկե՝ ոչ, այս գործընթացը, ինչի մասին, որ մենք ասում ենք, ստեղծվել է շատ ավելի վաղ, քան հանրահավաքն էր»:

Տեսանյութեր

Լրահոս