Հունվարի բյուջեն կատարվել է 32.5 միլիարդ դրամ հավելուրդով
2014 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեն կատարվել է ավելի քան 32.5 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 21.9 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի եկամուտները հունվար ամսին կազմել են շուրջ 80.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 47.7 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 33.5%-ով և 18.3%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար ամսին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9‑րդ հոդվածի 11‑րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են 1.6 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 27.5%-ը, իսկ ծախսերը` 540.2 մլն դրամ կամ եռամսյակային ծրագրի 9.6%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 7.1%-ով, ծախսերի գծով` 4.1%-ով: