
Ալ-Սիսին խոստացել է Եգիպտոսում երիտասարդության համար կառուցել մեկ միլիոն բնակարան

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի պաշտպանության նախարար, ֆելդմարշալ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հայտարարել է, որ գործարկում է բնակարանաշինության մասշտաբային նախագիծ: Այն գնահատվում է 40 միլիարդ դոլար և նախատեսված է իրագործել 5 տարում:
Նախագիծն իրականացվելու է ԱՄԷ-ի Arabtec շինարարական ընկերության հետ համատեղ: Շինարարությունը ծավալվելու է Եգիպտոսի 13 շրջաններում: Նախագծի շրջանակներում նախատեսված է կառուցել մեկ միլիոն բնակարան: Շինարարությունը ֆինանսավորելու են եգիպտական ու օտար բանկերը:
Arabtek-ի գործադիր տնօրեն Հասան Իսմայիլը հայտարարել է, որ շինարարության համար հողատարածքները հատկացվելու են անվճար: Նա հավելել է, որ նոր բնակարանները նախատեսված են լինելու միջին եկամուտ ունեցող եգիպտացիների համար: Ալ-Սիսիի խոսքերով՝ նախագիծը նվիրված է Եգիպտոսի երիտասարդությանը:
Ալ-Սիսին համարվում է Եգիպտոսում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու հիմնական հավակնորդներից մեկը: Ընտրություններն ֆելդմարշալի մասնակցության մասին հայտնի էր դարձել այս տարվա փետրվարին:
2013 թվականին գեներալը գլխավորել էր հեղաշրջումը, որի արդյունքում տապալվեց ժողովրդավարական ճանապարհով ընտրված Եգիպտոսի առաջին նախագահ Մոհամմեդ Մուրսին: 2014 թվականի հունվարի վերջին Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրն Ալ-Սիսիին շնորհեց ֆելդմարշալի կոչում, ինչը հանդիսանում է ամենաբարձր զինվորական կոչումը Եգիպտոսում: