ԱՄՆ-ը պատրաստվում է արդիականացնել Թուրքիայում գտնվող իր միջուկային զինանոցը

Haber Türk-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությանը կից Միջուկային անվտանգության ազգային վարչությունը պլանավորել է արդիականացված ռումբերով փոխարինել թուրքական «Ինջիրլիք» բազայում առկա միջուկային սպառազինության զինանոցը:

Ադանայի մոտ գտնվող«Ինջիրլիքի» ավիաբազայում ներկայումս պահվում է В61 տիպի 60-70 ատոմային ռումբ: Այժմ պլանավորած է դրանք փոխարինել В61-12 տիպի ատոմային ռումբերով, ինչն իրականացվելու է դեռևս 2010 թվականին մեկնարկած նախագծի շրջանակներում: Նոր ռումբի գլխավոր տարբերությունը նրա պոչամասում արված փոփոխությունն է, որը հնարավորություն է տալիս ակտիվորեն այն ուղղել թիրախի վրա:

В61-ը չունի նման հնարավորություն: Միջուկային անվտանգության ազգային վարչությունն իրականացրել է նոր ռումբի առաջին փորձարկումները, որոնք գնահատվել են որպես հաջող: Պլանավորված է, որ նոր ռումբերի գործնական կիրառումը հնարավոր կլինի 2017 թվականից:

Ներկայումս ԱՄՆ-ի միջուկային զինանոցը Եվրոպայում պահվում է Բելգիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Իտալիայի ու Թուրքիայի բազաներում: Առկա տվյալներով, այդ երկրներում ընդհանուր առմամբ գտնվում է մոտ 300 հատ В61 ատոմային ռումբ:

Հիշեցնենք, որ մինչև 1995 թվականն ամերիկյան ատոմային ռումբերը Թուրքիայում պահվել են նաև Աքընջըի ու Բալըքեսիրի ավիաբազաներում, սակայն ավելի ուշ դրանք ամբողջովին կենտրոնացվել են «Ինջիրլիքում»:

ԱՄՆ-ն այժմ Ինջիրլիքում չունի որևէ ինքնաթիռ, որը կկարողանա կրել (նշանակման վայր հասցնել) դրանք, քանի որ Թուրքիան ԱՄՆ-ին մերժել է Ինջիրլիքում ռազմավարական ինքնաթիռներ տեղակայելու հարցում, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն այդ ատոմային ռումբերը կրելու համար պետք է ինքնաթիռներ ուղարկի այլ երկրներում իր բազաներից:

Թուրքիան իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ դա կփոխի բազայի կարգավիճակը, և բազան ամբողջովին կհայտնվի ՆԱՏՕ-ի հրամանատարության ենթակայության տակ: Ուշագրավ է, որ դա միակ դեպքն է ՆԱՏՕ-ի պրակտիկայում:

Իսկ ահա թուրքական ինքնաթիռները, որոնք նախկինում իրավունք չունեին կրել միջուկային այդ ռումբերը, Քյուրեջիքում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայման հարցում Թուրքիայի համաձայնությունից (դրա տեղակայման մասին հուշագիրը Թուրքիան ու ԱՄՆ-ը ստորագրել են 2011 թվականի սեպտեմբերին, Անկարայում) հետո Վաշինգտոնից ստացան 10-20 ատոմային ռումբ:

Դրանք կրելու համար (միայն ԱՄՆ-ի թույլտվությամբ) Թուրքիայի ռազմաօդային ուժերում կազմավորվեց 142-րդ էսկադրիլիան` բաղկացած F-16A/B տիպի ինքնաթիռներից: Սակայն ատոմային ռումբերն ակտիվացնելու համար անհրաժեշտ են հատուկ ծածկագրեր, որոնք չեն գտնվում Թուրքիայի ձեռքում:

Տեսանյութեր

Լրահոս