
Քեթրին Էշթոնը ժամանել է Թեհրան

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը երեկ ժամանել է Թեհրան: Իր իրանական այցի շրջանակներում Էշթոնը հանդիպումներ է ունենալու Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ու արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
Բացի այդ, պլանավորված է, որ նա հանդիպելու է նաև իրանցի այլ բարձրաստիճան անձանց հետ: ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարն Իրան այցելելու հրավեր է ստացել 2013 թվականի հոկտեմբերին` Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ ԳԱ-ի ժամանակ: Դրա շրջանակներում Էշթոնն առաջին անգամ հանդիպել էր Իրանի արտգործնախարար Զարիֆի հետ, ով էլ նրան հրավիրել է Իրան:
Իրանական այցի ժամանակ Էշթոնին ուղեկցում է նրա տեղակալ Հելգա Մարիա Շմիդը: