Աչաջուրի բնակիչը մեղադրվում է եղբորը սպանելու, դին հոնի ծառի տակ թաղելու մեջ
Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 48-ամյա բնակչի դեմ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 20-ին, ժամը 24:00-ի սահմաններում, Աչաջուր գյուղում գտնվող իր հայրական տանը հարբած վիճակում, անձնական փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ, վիճաբանել է եղբոր հետ, որի ժամանակ փայտյա աթոռով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին և մարմնի տարբեր մասերին, իսկ աթոռի կոտրվելուց հետո նույն աթոռի ջարդված ոտքով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շարունակել է հարվածներ հասցնել եղբոր գլխին և սպանել նրան, որից հետո կատարված հանցագործությունը թաքցնելու նպատակով 2013թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը եղբոր դին թաղել է տնամերձ այգում` հոնի ծառի տակ: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:
Քրեական գործին որպես ապացույց կցված են փայտյա աթոռի ջարդված դետալներ: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մաս): Նա կալանավորված է: