
Չենք ուզում թանկացնել, բայց այլ տարբերակ չկա. Կաթնամթերք արտադրողների միության նախագահ

««Մարիաննան» մեծ, հարգված տնտեսություն է ու այդ քայլին ստիպված է գնացել: Մենք բոլորս չենք ուզում թանկացնել, բայց այլ տարբերակ չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կաթնամթերք արտադրողների միության նախագահ, «Չանախ» հիմնադիր-տնօրեն Ղուկաս Բունիաթյանը՝ մեկնաբանելով օրերս կաթնամթերքի շուկայում տեղի ունեցածը, որ գնային պարզ փոփոխության փոխարեն «Մարիաննա» ընկերությունը պակասեցրել էր կաթնամթերքի քաշը:
Ըստ Ղ.Բունիաթյանի՝ կաթնամթերք արտադրելը շահութաբեր է եղել մինչև 2008թ-ը, իսկ այսօր վերամշակողները վատ վիճակի մեջ են, 0% շահութաբերությամբ են աշխատում: Մինչդեռ, նրա կարծիքով, բիզնեսի զարգացման համար հարկավոր է 15% շահութաբերություն:
Մեր հարցին՝ այսինքն հնարավո՞ր է 15% թանկացում լինի, միության նախագահը բացասական պատասխան տվեց: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տնտեսություն ինքն է իր համար հաշվարկներ անում: Ղ.Բունիաթյանի խոսքով՝ կաթնամթերքը չի կարող չթանկանալ, հաշվի առնելով գազի, էլեկտրաէներգիայի թանկացումները, աշխատավարձերի ավելացումը, բայց թե երբ այդ թանկացումը տեղի կունենա նա խուսափեց ժամկետներ նշել:
«Ուկրաինայի ու մեր երկրի վիճակն էլ է մեզ վրա ազդել: Մարդիկ եկել են, օգնության կարիք են զգում, բայց մենք էլ ենք օգնության կարիք զգում: Գիտեն, թե մենք խոշոր գումարի տեր ենք: Ճիշտ է, մենք արտադրություն ունենք, բայց դժվարությունները շատ են»,- նշեց Ղ.Բունիաթյանը: