Բաժիններ՝

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 127 միլիոն դոլարի վարկի տրամադրումը

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավարությունը մարտի 7-ին հաստատել է «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) 38-ամսյա ծրագիրը, որի շրջանակում Հայաստանին $127,6 մլն-ի չափով վարկ (82,21 մլն փոխառության հատուկ իրավունք – ՓՀԻ) կտրամադրվի։ Այս մասին ասված է ԱՄՀ-ի տարածած հաղորդագրությունում:

Ծրագրի հիմնական նպատակներն են` աջակցել աղքատության կրճատմանը, գնաճի կայունությանը, հարկաբյուջետային և արտաքին կայունության վերականգնմանը, հակազդել տնտեսական գործունեության հետընթացին:

«Հարկաբյուջետային քաղաքականությունը կենտրոնական դեր է խաղալու ծրագրում` աջակցելով 2014-ի աճին ու նվազեցնելով հնարավոր դեֆիցիտը ծրագրի մնացած ժամանակահատվածի համար` ստեղծելով ռազմավարական արգելակներ»,- ԱՄՀ գործադիր խորհրդի նիստին ասել է տնօրենի տեղակալ և նախագահողի պաշտոնակատար Նեմաթ Շաֆիկը:

Նրա խոսքով՝ աճին նպաստող կառուցվածքային բարեփոխումները նույնպես կարևոր դեր են խաղալու նոր ծրագրում` նպատակ ունենալով Հայաստանը դարձնել դինամիկ զարգացող շուկա:

«Այս համատեքստում Եվրասիական մաքսային միությանն առանց խոչընդոտների անդամակցությունը, ինչպես նաև Եվրամիության հետ առևտրի աճն ու մյուս կապերի շարունակական պահպանումն էական կլինեն շուկաների, ապրանքների, ֆինանսական հոսքերի ու ներդրումների դիվերսիֆիկացման համար»,- ասել է Շաֆիկը՝ հավելելով, որ նոր ծրագրի ռիսկերը կառավարելի են թվում, իսկ Հայաստանի` «պարտքը վերադարձնելու ունակությունը՝ իրատեսական»:

«Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրի հայտի շուրջ համաձայնությունը ԱՄՀ-ի աշխատակազմը ՀՀ իշխանությունների հետ ձեռք էր բերել փետրվարի 5-ին: Ծրագիրը կոչված էր սատարելու կառավարության և Կենտրոնական բանկի 2014-2017 թթ. ֆինանսատնտեսական ծրագիրը:

ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնն այդ ժամանակ Վաշինգտոնում ասել էր, որ 2013թ. հուլիսին ավարտված` ԱՄՀ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրի նպատակները հիմնականում իրագործվել են:

«Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա համաձայնագրերի շրջանակում Հայաստանին տրամադրվել է մոտ $410 մլն (266,8 մլն ՓՀԻ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս