Հովհաննես Սահակյան. Ես դհոլների մասնագետ չեմ, չգիտեմ, Գագիկ Ծառուկյանին հարցրեք

«Լավ են անում, իրենց գործն է, թող հավաքվեն, զրուցեն, կոնսուլտացիա, կոնսոլիդացիա անեն, ինչ ուզում են անեն, ազատ են, մենք ժողովրդավարական երկիր ենք, որևէ մեկի կամքին չենք բռնանում, ընդդիմադիր հայացքների համար որևէ մեկին չենք հալածում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն՝ անդրադառնալով ԲՀԿ-ՀՅԴ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ ԲՀԿ գրասենյակում հանդիպել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի, Արմեն Ռուստամյանի և Աղվան Վարդանյանի հետ, որի քննարկման առանցքում, ինչպես հայտնի դարձավ, եղել է միասնական քաղաքական օրակարգի գործողությունների ճանապարհային քարտեզ ձևավորելու հարցը:

«Իրենց խնդիրն է, թե ինչպես են խոսում, ում հետ են խոսում, ինչքան են խոսում… բարին իրենց հետ: Միայն լավ տեսանկյունից կարող եմ դիտարկել, հեն ա՝ տեսեք, 44 ստորագրություն արդեն ԱԺ-ում հավաքում են»,- նշեց նա:

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել էր, թե իրենք ուրախ կլինեն մյուս շաբաթ նույն սրահում հյուրընկալել նաև Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգության» ներկայացուցիչներին: Այս առնչությամբ հետաքրքրվեցինք՝ արդյոք ԲՀԿ-ն ընդդիմադիր ուժերին իր շուրջը հավաքելու գործընթա՞ց է սկսել: Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, թե հարցը պետք է ուղղել ԲՀԿ-ին և նրանց, ովքեր այլընտրանքի «չորս կողմը համախմբվում» են:

Կարդացեք նաև

«Այդ հարցն իրենց տվեք՝ տեսնենք, ինչի՞ են ԲՀԿ-ի չորս կողմը հավաքվում, ո՞ւր են գնում…  ԲՀԿ-ում ահագին տենց լավ մեկնաբանողներ, խոսացողներ կան, իրենց հարցրեք, տեսնենք՝ էդ ինչի՞ են համախմբվում, մենք էլ իմանանք»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե Հանրապետությունում կան «մի քանի դատարկ դհոլներ, որոնք պատվեր կատարելով, իհարկե իրենց ընտանիքի գոյատևման համար են դա կատարում, բայց մենք գիտենք, որ դա պետք է հաշվի չառնենք, որովհետև տեսնելով այս համախմբումը նրանք պետք է փորձեն սեպ խրել», Հովհաննես Սահակյանին հարցրինք, թե ո՞ւմ նկատի ուներ ԲՀԿ առաջնորդը, արդյոք խոսքը ՀՀԿ-ի մասին է:

«Ես դհոլների մասնագետ չեմ, չգիտեմ, Գագիկ Ծառուկյանին հարցրեք: Խոսքը կոնկրետացված չէր, չեմ կարող ասել՝ ում մասին էր, բայց եթե կան մարդիկ, ում նկատի են ունեցել, թող բարձրաձայնեն, նրանք էլ պատասխան տան, մենք էլ իմանանք՝ ովքեր են: Բնականաբար, իշխող մեծամասնությանը չէր էլ կարող դա վերագրվել…»,- պատասխանեց նա:

Տեսանյութեր

Լրահոս