
Սաակաշվիլին ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին կոչ է արել արագացնել Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային ընդունելը

Ամերիկյան Washington Post թերթում հրապարակվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հոդվածը, որում նա ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին կոչ է արել արագացնել այդ կազմակերպությունների շարքերում Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի ընդունումը:
Սաակաշվիլին նաև ներկայիս Ռուսաստանը համեմատել է հիտլերյան Գերմանիայի հետ, որը էթնիկ գերմանացիներին պաշտպանելու պատրվակի ներքո օկուպացրել է Եվրոպայի երկրները (մասնավորապես Չեխոսլովակիան):
Սաակաշվիլիի խոսքերով` նույնն այսօր անում է Ռուսաստանը` էթնիկ ռուսներին պաշտպանելու պատրվակով նրանց հապճեպ ռուսական անձնագրեր տրամադրելով Ղրիմում կամ վրացական տարածքներում: Սաակաշվիլին ընդգծել է, որ Պուտինի դրդապատճառները նման են մինչպատերազմյան Գերմանիայի դրդապատճառներին:
Սաակաշվիլին կարծում է, որ ներկայումս Ռուսաստանին չպետք է թույլ տալ ապօրինի մեթոդներով կյանքի կոչել իր նպատակները, ինչի համար անհրաժեշտ է, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն արագացնեն Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային ընդունելու գործընթացը: