Բաժիններ՝

Սարկոզիի հեռախոսազրույցները գաղտնալսել են Քադաֆիից գումարներ ստանալու գործով. Le Monde

Ֆրանսիական Le Monde թերթի փոխանցմամբ` Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հեռախոսազրույցները գաղտնալսվել են դատարանի թույլտվությամբ: Դա կապված է Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիից ապօրինաբար հնարավոր գումարներ ստանալու գործի հետ:

Իրավապահները գաղտնալսել են նաև երկու նախարարի, որոնք աշխատել են Սարկոզիի կառավարությունում: Հեռախոսազրույցների գաղտնալսումները մեկնարկել են 2013 թվականի գարնանը: Ստացված տվյալների հիման վրա այս տարվա փետրվարի վերջին Սարկոզիի նկատմամբ սկսվել է հակակոռուպցիոն նոր հետաքննություն:

Լիբիայի բռնապետ Մուամմար Քադաֆիի կողմից Սարկոզիի ընտրական կամպանիայի հնարավոր ֆինանսավորման հետաքննությունը վերսկսվել է 2013 թվականի ապրիլին: Այդ մասին չհաստատված տվյալներն առաջին անգամ ի հայտ եկան 2011 թվականի մարտին:

Քադաֆիի որդի Սեյֆ ալ-Իսլամն այն ժամանակ հայտարարել էր, որ 2007 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրություններից առաջ իր ընտանիքը Ֆրանսիայի ապագա նախագահին հատկացրել է 50 միլիոն եվրո:

Սարկոզիին կասկածում էին նաև 2007 թվականին L’Oreal ընկերության տարեց սեփականատիրուհի Լիլիան Բետանկուրից ապօրինի ճանապարհով գումարներ (150.000 դոլար) ստանալու մեջ:

Ֆրանսիայում նախագահի թեկնածուներին արգելված է մասնավոր անձանցից ստանալ 4600 եվրոյից ավելի նվիրատվություններ: 2013 թվականի հոկտեմբերին ֆրանսիական դատախազությունը համաձայնեց փակել այս գործը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս