
Կլիչկոն օգնության խնդրանքով դիմել է Օլանդին

ZN.UA-ի փոխանցմամբ` «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն Փարիզում հայտարարել է, որ ժողովրդավարական երկրները, ԵՄ-ի երկրները և հատկապես նրանք, ովքեր հանդես են եկել որպես Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության երաշխավոր, պետք է օգնեն նրան` պահպանելու համար իր պետականությունն ու ամբողջականությունը:
Կլիչկոն այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո. «Մենք համատեղ պետք է կանգնեցնենք ագրեսիան, որը տեղի է ունենում Եվրոպայի կենտրոնում: Այսօր սպառնալիքի տակ է ոչ միայն Ուկրաինայի ինքնիշխանությունը, այլև` ողջ եվրոպական անվտանգության կառույցը, որը եվրոպական մայրցամաքին ապահովում էր կայունություն ու խաղաղություն:
Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ ունենալ քաղաքակիրթ ու կանխատեսելի հարաբերություններ: Հնարավորություն կա ճգնաժամը լուծել դիվանագիտական ճանապարհով: Ոչ ոք չի կասկածում դրանում»: Կլիչկոն ԵՄ-ին կոչ է արել շուտափույթ Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: