
Տիմոշենկոն բուժում ստանալու նպատակով ժամանել է Բեռլին. Berliner Zeitung

Գերմանական Berliner Zeitung թերթի փոխանցմամբ` Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն ժամանել է Գերմանիա: Տիմոշենկոն բուժում է ստանալու բեռլինյան «Շարիտե» համալիրում:
Տիմոշենկոն Բեռլին ժամանել է Դուբլինից, ուր նա մարտի 6-7-ին մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: Այստեղ նա բանակցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Երեկ երեկոյան Տիմոշենկոյի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեռլինի «Շենեֆելդ» օդանավակայանում, ուր Ուկրաինայի նախկին վարչապետին սպասել է շտապօգնության մեքենան: Վերջինս ոստիկանական երկու մեքենայի ուղեկցությամբ Տիմոշենկոյին անմիջապես հասցրել է կլինիկա: