ԵՄ-ն կանգնած է «արժեքներն` ընդդեմ շահերի» երկրնտրանքի առջև

«Պուտինի մամլո հայտարարությունը պարզապես Ռուսաստանի ռազմավարության հերթական քայլն է` փորձելու համոզել աշխարհին, որ Ուկրաինայի նոր ղեկավարությունը վտանգ է ներկայացնում Ուկրաինայի և երկրի ազգային փոքրամասնությունների, մասնավորապես` էթնիկ ռուսների իրավունքների համար, և Մոսկվայի գործողությունները դրա պատասխանն են: Սա բացարձակ կեղծիք է և ճշմարտության կատարյալ խեղաթյուրում»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» վերլուծաբան Ամանդա Փոլը` անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին:

Վերջինիս խոսքերով` Ռուսաստանը բռնազավթող ուժ է, որը, իր զորքերը դուրս բերելով Սևաստոպոլի ռազմաբազայից, խախտել է միջազգային օրենքը և Ուկրաինայի հետ ստորագրված մի շարք անվտանգության համաձայնագրերը:

Վերլուծաբանի կարծիքով` Մոսկվան ուղերձ է հղում միջազգային հանրությանը, թե ինքը թույլ չի տա հետխորհրդային տարածքում կանոններ սահմանել` առանց Ռուսաստանի շահերը հաշվի առնելու: «Ռուսաստանի գործողությունների հետևանքով Եվրոպայում Սառը պատերազմից ի վեր ստեղծվել է ամենածանր քաղաքական ճգնաժամը, իսկ ռուսական հեռուստաալիքների իրականացրած խայտառակ քարոզչությունն ու տարածած սուտն ավելացրել են վախն ու լարվածությունն Ուկրաինայում, այդ թվում` արևելյան շրջաններում, որտեղ իրավիճակն այժմ չափազանց անկայուն է»,- նշեց Ամանդա Փոլը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ Արևմտյան երկրների կողմից իրականցվող պատժամիջոցներին, ապա, ըստ Ա. Փոլի, ԵՄ-ի կողմից նկատվում է «տնտեսական սանկցիաներ կիրառելու և ռուսաստանյան ակտիվները սառեցնելու ախորժակի պակաս», քանի որ ԵՄ անդամները չեն ցանկանում վտանգի ենթարկել Ռուսաստանի հետ տնտեսական կապերը, ինչը նշանակում է, որ ԵՄ-ն կանգնած է «արժեքներն` ընդդեմ շահերի» երկրնտրանքի առջև:

Կարդացեք նաև

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս